Մենք անում ենք պատասխանատու հանքարդյունաբերություն, իսկ թե ադրբեջանցիներն ինչ նամակ են ուղարկել, ինձ չի հետաքրքրում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված ադրբեջանական հասարակական կազմակերպությունների նամակին, որով պահանջում էին դադարեցնել ԶՊՄԿ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը։
«Կարծում եմ՝ կոմպետենտ մարմիններն արդեն պատասխանած կլինեն նամակին, ինձ չի հետաքրքրում՝ ինչ են անում ադրբեջանական ՀԿ-ները։ Ես շատ կցանկանայի, որ այդ հայտարարությունը մեր երկրում շատ տարածում չունենար»,- ասաց նա։
Մարզպետի խոսքով՝ կիրառվում են ամենաբարձ տեխնոլոգիաները շրջակա միջավայրի վրա քիչ ազդեցություն ունենալու համար։
«Կան նպատակներ պոչամբերի վերամշակման ուղղությամբ։ Դրանք վտանգավոր չեն, կան ստանդարտներ։ Մարդու գործունեությունն արդեն ազդեցություն է շրջակա միջավայրի վրա, եւ ամեն օր փորձում ենք լավարկել շրջակա միջավայրի վրա եղած ազդեցությունը։ Հանքարդյունաբերությունն առանց վնասակար ազդեցության չի կարող լինել, բայց վտանգավորությունը պետք է լինի ամենաքիչը»,- ընդգծեց նա։











