Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի բնակարանը խուզարկելիս իրավապահները դատարանի թույլտվություն չեն ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Մենք ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել էինք այն հիմքով, որ վարույթն իրականացնող մարմինը Վիտալի Բալասանյանին ձերբակալել է միայն ականատեսների վկայությամբ, որոնք ԱԱԾ աշխատակիցներ են, եւ, ըստ այդմ, ունեն իրենց շահագրգռվածությունը այդ գործով: Նման հիմքերով ձերբակալման ժամանակ պետք է առկա լինի միայն այն հանգամանքը, որ հանցանքը կատարելուց հետո անձը կարող է փախուստի դիմել եւ այդպիսով կանխվում է: Ձերբակալման նպատակը չի արձանագրվել արձանագրության մեջ, եւ մենք գտել ենք, որ այդ ձերբակալման ընթացակարգի պայմանները պահպանված չեն եւ առկա է իրավական խնդիր, ինչն էլ բողոքարկել էինք: Դատարանը, սակայն, գտել է, թե այդ որոշումից հետեւում է, որ ակնհայտ է ձերբակալման նպատակը»,- ասաց Ռաֆայել Մարտիրոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե իրավապահները ձերբակալման համար չունեն հստակ հիմնավորում, ապա այն համարվում է անօրինական:

Անդրադառնալով բուն քրեական գործին՝ փաստաբանը ասաց. «Խուզարկությունը կատարել են սեփականության իրավունքով պատկանող Վիտալի Բալասանյանի բնակարանում: Երբ նա տեղեկացել է, որ իր բնակարանում խուզարկություն է կատարվում, ներկայացել է իր բնակարան՝ պարզելու խուզարկության հիմքերը: Իրավապահները նրան ցույց չեն տվել դատարանի որոշում: Բալասանյանն էլ ստիպված է եղել օգտվել իր իրավունքներից: Սակայն դատարանում պարզվել է, որ գոյություն ունի դատարանի թույլտվություն, դա նշանակում է, որ եթե դատարանի կողմից եղել է թույլտվություն խուզարկություն կատարելու համար, ապա ինչո՞ւ ԱԱԾ-ն այն ցույց չի տվել Բալասանյանին: Իրավապահները պարտավոր էին դատարանի թույլտության մասին փաստաթուղթը ցույց տալ Բալասանյանին»:

Մարտիրոսյանը շեշտեց, որ Բալասանյանը չի խոչընդոտել իրավապահների խուզարկությանը, չնայած նրան, որ նրան չի ներկայացվել դատարանի թույլտվության մասին փաստաթուղթը:

Հարցին՝ քրեական գործի առնչությամբ ի՞նչ դիրքորոշում ունի Բալասանյանը, փաստաբանն ասաց. «Բալասանյանը դեռեւս որեւէ դիրքորոշում չի հայտնել, նա անորոշության մեջ է առայժմ»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։