Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարեւոր դեր է խաղում ոչ միայն Սյունիքի մարզում եւ Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում․ ընկերությունը Չինաստանին մոլիբդեն տրամադրող երրորդ օտարերկրյա մատակարարն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, գործարանի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Վերջերս Չինաստանում էի, և էկոնոմիկայի փոխնախարարն ինձ հայտնեց, որ Հայաստանը Չինաստանի երրորդ արտաքին մատակարարն է, որտեղից մոլիբդեն է ներմուծվում»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ այս փաստը եւս մեկ անգամ վկայում է, որ ԶՊՄԿ-ն ոչ միայն խոշոր ընկերություն է, որը 70 տարի կերտում է արդյունաբերության լավագույն չափանիշներն ու ապագան Հայաստանում, այլեւ բավականին կարեւոր է համաշխարհային մասշտաբով։
Վահան Քերոբյանը նշեց, որ վերջին հինգ տարիներին կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելու համար, եւ այդ ջանքերի արդյունքներն արդեն նկատելի են. անցած տարի Հայաստանում ներդրումներն առաջին անգամ գերազանցեցին 1 մլրդ դոլարի նշագիծը, ինչը ռեկորդային է։
«Նախորդ հինգ տարիներին ներդրված ջանքերը տալիս են իրենց պտուղները։ Ընդհանուր ներդրումների առումով մենք նախորդ տարի ունեցել ենք 4․2 մլրդ դոլարի ներդրումներ, որոնք կազմում են մեր համախառն ներքին արդյունքի մոտ 22 տոկոսը։ Հիմնական ծրագրերից մեկը վերաբերում է տնտեսության արդիականացմանը, որի շրջանակում մենք փորձում ենք համոզել ընկերություններին, որպեսզի արդիականացնեն իրենց սարքավորումները, հոսքագծերը, գործարանները, բարձրացնեն արտադրողականությունը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 2000 ընկերություն արդեն օգտվել է կառավարության ծրագրերից եւ մոտ 300 մլն դոլարից ավել ներդրումներ արել նոր հոսքագծերի մեջ, որոնք ուժեղացնում են այդ ընկերություններին, դարձնում առավել մրցունակ եւ պատրաստ միջազգային շուկաներին։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր խոստացած 7-9% տնտեսական աճը գրանցելու ուղղությամբ։ Այսօր մենք այդ ճանապարհին ենք, եւ մեր ջանքերն իրենց արդյունքը կտան առաջիկա տարիներին։ Կառավարությունը եւ «Գեոպրոմայնինգ» ընկերությունն աշխատում են արտադրական շղթան առավել խորացնելու եւ մաքուր պղնձի արտադրություն ստեղծելու համար։ Անհամբեր սպասում ենք համատեղ ծրագրի մշակմանը եւ իրագործմանը»,- ասաց Քերոբյանը։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը վերահաստատեց, որ շուրջ 70 տարվա լուրջ աշխատանքի արդյունքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր արժանի տեղն է զբաղեցրել համաշխարհային տնտեսության մեջ։ Նա գործարանն անվանեց ոչ թե պարզապես ձեռնարկություն, այլ մեծ պատմություն ունեցող մեծ ընտանիք, որն իր գործունեության 70 տարիների ընթացքում յոթ դարին համարժեք պատմություն է ստեղծել։
Փարամազյանը նաեւ հիշեց, որ չկա մի ոլորտ, որտեղ գործարանը տարիների ընթացքում ներդրում արած չունենա։ Նրա խոսքով՝ գործարանի աշխատակիցների, ղեկավարների, պետական կառույցների ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ ձեռնարկությունն անխափան աշխատանք է տանում եւ շարժվում դեպի կայուն զարգացում։
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի գնահատմամբ՝ 70-ամյա տարիքն արդեն իսկ վկայում է, որ գործարանը կուտակել է մեծ փորձ, եւ դա հիմք է տալիս ենթադրելու, որ հետագա որոշումներն ու հետագա զարգացման ծրագրերը ճիշտ կլինեն մեր պետության եւ բնակչության համար:
«Յոթանասուն տարի պետության կողքին» կարգախոսը, ըստ փոխնախարարի, պատահական չէ ընտրված, որովհետեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ արդյունաբերական կազմակերպությունների ներդրումը պետության կյանքում, իսկապես, մեծ է։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր հերթին նկատեց, որ նշվում է մի ընկերության 70-ամյակը, որը սերնդեսերունդ ձեւավորել է մարզի ողջ սոցիալ-տնտեսական կերպարը։ Այսօր արդեն անհնար է պատկերացնել տարածաշրջանի կյանքն առանց կոմբինատի։
Ըստ Ղուկասյանի՝ Կառավարության հետ լավ համակարգված աշխատանքի շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ցույց տվեց, որ կարող է ավելի օգտակար լինել, քան կարելի է պատկերացնել։ Իսկ պատշաճ համագործակցությունը, ըստ նրա, շատ կարեւոր է մարզի կյանքում։
«Բազմիցս ենք քննարկել, համատեղ մշակել ռազմավարություն՝ ինչպես անել, որ մարզի կյանքում հենց կոմբինատի շնորհիվ կարողանանք զարգացնել նաեւ այլ ոլորտներ։ Կոմբինատի ազդեցությունը մեծացնելով՝ պետք է կարողանալ զարգացնել այլ ոլորտներ։ Ամբողջ սոցիալ-տնտեսական պատկերը ձեւավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»,- ասաց մարզպետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին, Հանքագործի եւ մետալուրգի օրվան։
Այս միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաք էին ժամանել տասնյակ հյուրեր, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱԺ պատգամավորներ, պետական, հասարակական գործիչներ, փորձագետներ։
Նրանք այցելեցին արվեստի տոնավաճառ, բաց երկնքի տակ ունկնդրեցին Քաջարանի արվեստի դպրոցի երաժշտական խմբերի սաների համերգը, այցելեցին խեցեգործության ցուցահանդեսներ եւ Կապանի երկրաբանական թանգարան, եռաչափ վիզուալիզացիայի ներկայացմամբ ծանոթացան ԶՊՄԿ-ի պատմությանը։ Պաշտոնական միջոցառումից հետո ԶՊՄԿ-ի եւ իշխանությունների ներկայացուցիչների ելույթներով կայացավ գործարանի 70 լավագույն աշխատակիցների մրցանակաբաշխությունը։ Միջոցառումներն ավարտվեցին տոնական համերգով։











