Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը շաբաթ օրն առաջին անգամ այցելել է Ուկրաինա՝ բանակցելու համար նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակին։
Անսպասելի ուղեւորությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Յունը մասնակցել է ՆԱՏՕ վիլնյուսյան գագաթաժողովին եւ այս շաբաթ այցելել Լեհաստան, որտեղ համերաշխություն է հայտնել Ուկրաինային եւ ուսումնասիրել ռուսական զորքերի դեմ նրա պայքարին աջակցելու հնարավորությունները։
Հարավային Կորեան, որն ԱՄՆ դաշնակիցն է եւ զենք է արտահանում, նորից բախվել է ճնշման. նրանից պահանջում են զենք տրամադրել Ուկրաինային, ինչից Յունի վարչակազմը հրաժարվել էր հօգուտ հումանիտար եւ ֆինանսական օգնության՝ զգուշանալով Հյուսիսային Կորեայի վրա Ռուսաստանի ազդեցությունից, գրել է ԶԼՄ-ն։





























