Երկօրյա պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ France Telecom/Orange ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարն, այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում այցելել են OrangeArmenia սպասարկման կենտրոն:

Orange ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերության աշխատանքին, ծառայության որոշումներին եւ նորարություններին ծանոթանալուց հետո, կորպորացիայի ղեկավարը նշել է Orange բրենդի ներկայությունը Հայաստանի շուկայում, որտեղ 2009-ին մուտք գործելու համար France Telecom-ը վճարել է 51 մլն դոլար:

Նրա խոսքով, այսօր OrangeArmenia-ն իր հաճախորդներին ծառայությունների լայն շրջանակ է առաջարկում բջջային կապի եւ հատկապես շարժական ինտերնետի ոլորտում, որտեղ զբաղեցնում է շուկայի 60 տոկոսը:

France Telecom-ի ղեկավարը խոսել է նաեւ Orange Armenia-ի պլանների մասին, նշելով, որ մտադիր են մտնել օպտիկական կապի հայաստանյան շուկա: «Իսկ ինչու` ոչ»,-ասել է Խմբի ղեկավարը:

Նշենք, որ Orange-ը France Telecom-ում առանցքային բրենդ է: France Telecom-ը սպասարկում է շուրջ 200 մլն հաճախորդների 5 մայրցամաքներում, որոնց 2/3-ը Orange-ի ծառայություններից օգտվողներն են: