2023 թվականի աշնանը Ադրբեջանում նախատեսվում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել, գրում է haqqin.az-ը։ Այս մասին հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր Էրկին Գադիրլին։

Նա նշել է, որ հունիսին Միլի մեջլիսը հաստատել է պետական բյուջեում մի շարք փոփոխություններ։ «Փոփոխությունների թվում է մինչեւ 2023 թվականի ավարտը ընտրությունների ծախսերի գրեթե 50 տոկոսով ավելացումը։ Սա հսկայական աճ է եւ համոզիչ հիմքեր է տալիս ենթադրելու, որ հանրաքվեն տեղի կունենա հենց այս տարի։ Պարզապես այդքան գումար չեն ծախսում»,-նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ հանրաքվեն նվիրված կլինի սահմանադրական բարեփոխումներին։

Էրկին Գադիրլին նաեւ նշել է, որ գործող սահմանադրության համաձայն՝ նախարարների կաբինետը չունի որեւէ կոնկրետ լիազորություն:

«Ինչպես ասվում է սահմանադրության մեջ, նախարարների կաբինետը նախագահին առընթեր բարձրագույն գործադիր մարմինն է։ Այսինքն, կառավարության բոլոր լիազորությունները, ըստ էության, պատկանում են նախագահին»,-ասել է Գադիրլին։