Հայաստանը արտադրում է «Սեպուհ 1» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով, այժմ մեքենաները պետական հաշվառում են ստանում:

NEWS.am-ը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն՝ թեմայի առնչությամբ հարցազրույց կազմակերպելու համար, առայժմ արձագանք չկա:

Նշենք, որ օգտատերերի արձագանքից պարզ է դառնում, որ ավտոմեքենաները հարավկորեական SsangYong-ի մոդելներն են։ Ընդ որում, տարածված տեսանյութում երեւում է, որ կոնվեյերի վրա երկու մոդել կա՝ Tivoli քրոսովերը եւ Rexton ամենագնացը:

Այս տարվա մարտին SsangYong Motor-ը պաշտոնապես փոխեց իր անունը KG Mobility՝ KG Group քիմիական կոնցեռնի հետ միաձուլվելուց հետո: Նրա հետ միասին ֆինանսական լուրջ դժվարությունների միջով անցած ընկերությունը վերանայեց բիզնես վարելու մոտեցումը։ Այսուհետ այն կենտրոնանալու է էլեկտրական մեքենաների, ավտոպիլոտի եւ այլ խելացի տեխնոլոգիաների վրա:

Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրել է, որ «Սեպուհը» արտադրող կազմակերպության անունն է, ոչ թե ավտոմեքենայի:

«Tivoli, Rexton, Korando, Torres սրանք են արտադրվող մեքենաները, կորեական Ssang Yong կազմակերպության պահեստամասերով, հետգայում նախատեսվում է պահեստամսերը արտադրել Հայաստանում ու մեքենաների անվանումն աստիճանաբար մոտեցնեն հայկականին, Օրինակ Rexton Ararat.

Հավաստիացնում է կազմակերպության իրավաբանի ընկեր Արա Սաֆարյանը»,- գրել է նա:

Օգտատեր Վահե Գրիգորյանը գրում է. «Չորս հարց Վահան Քերոբյանին.

Առաջին լուսանկարում Վահան Քերոբյանի տեսանյութում առկա մեքենան է` Սեպուհ 1-ը, երկրորդում` Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող Lada Vesta NG-ն:

Հաշվի առնելով վերոգրյալը` ներկայացնում եմ չորս հանրային հարց.

Հարց 1. Որտե՞ղ է  գտնվում Հայաստանում մեքենաների գործարանը. ընդ որում` այս տեղեկատվությունը չի կարող համարվել գաղտնի:

Հարց 2. Եթե այդպիսի գործարան կա, ապա այն արտադրու՞մ է մեքենաներ, թե՞ դրանք ուղղակի հավաքում է:

Հարց 3. Ի՞նչ եղան Հայաստանում «տնտեսական հեղափոխության» շնորհիվ բացված վերելակների գործարանը, հեռուստացույցեր հավաքելու գործարանը եւ փոքր ինքնաթիռների գործարանը:

Հարց 4. Ի՞նչ տարբերություններ կան Սեպուհ 1-ի եւ Lada Vesta NG-ի միջեւ»: