Գործող իշխանությունը անընդհատ փորձում է համոզել, որ պայքարի հնարավորություն չկա, փրկության միակ տարբերակը հանձնելն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, ասաց«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Իրականությունն այն է, որ կան տարբերակներ։ Այդ տարբերակները գուցե առավել բարձր մակարդակի մոբիլիզիացիա ու տոկունություն են պահանջում, բայց դրանք հնարավոր են, եւ դրանց հեռանկարը ես տեսնում։ Արցախը բոլոր դեպքերում միջազգային իրավունքի կայացած սուբյեկտ է եւ անգամ ամենածանր պայմաններում պետք է չէ թույլ տա, որ իշխանությունը հասցնի այդ սուբյեկտայնության կորստին»,- նշեց Չալաբյանը։

Չալաբյանի կարծիքով՝ կարեւոր է Արցախի վերնախավի դիրքորոշումը՝ պայքարը շարունակելու, չկոտրվելու, ինչը չկա, որովհետեւ այժմ ընթացող պայքարի փուլերում նկատելի են կողմեր։

«Ես կոչ եմ անում, որ այդ բոլոր կողմերը նստեն մեկ սեղանի շուրջ, որովհետեւ Արցախի շուրջ օղակն այնքան է սեղմվել, որ եւս մեկ սեղմումի դեպքում հնարավոր է Արցախը պայթի»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ «ՀայաՔվե»-ի գործը չի ավարտվի միայն 50 հազար ստորագրություն հավաքելով։ Այդ ստորագրություններով կլինի ժողովրդի վստահությունը եւ աջակցությունը, որով նոր պայքար հնարավոր կլինի ստեղծել Արցախի շուրջ։

«Հանրության կեսը մտածում է, որ Արցախի համար պետք է պայքարել, որովհետեւ Հայաստանի պետականության հարցը կախված է Արցախի փրկությունից։ Քաղաքացիների մոտ 1/6 կիսում է իշխանության տեսակետը, եւ պետք է աշխատել այդ քաղաքացիների հետ։ Իշխանությունն ասում է, որ մենք պատերազմ կարող ենք բերել, բայց դա հենց իրենք կարող են անել, իսկ մենք փորձում ենք կանխել աղետը։ Այսօր Արցախում խոսում են արդեն ծայրահեղ միջոցներից՝ դա կարող է լինել պաշարման ճեղքումը, ռազմական բախումը, ինչը կարող է բերել համատարած ողբերգության եւ տարածվել նաեւ Հայաստանի վրա։ Այս քաղաքական ուղեգիծը բերելու է Արցախի հայաթափմանը, բայց գուցե առավել վատ՝ մինչեւ մասսայական սպանդի»,- ընդգծեց Չալաբյանը։