Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է պաշտպանի գրասենյակը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարեւորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երեւույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական եւ հանրային գործիչների կողմից, ինչպես նաեւ մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսեւորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձել է անհայտ կորած, գերեվարված եւ զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների եւ հարազատների հետ, ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների եւ հաղորդակցությունների ընթացքում։

Քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մի շարք այլ հարցերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից 2023 թվականի հունիսի 28-ին Ստրասբուրգում կազմակերպված միջազգային աշխատաժողովին՝ նվիրված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Կողմերը բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի մասնակցությունը եւ ընդգծել ԵԽ ծրագրերի շրջանակներում գրանցած արդյունքները։

Իր հերթին Մարտինա Շմիդտը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ ձեւավորված երկարամյա եւ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։