Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ: Այս մասին  ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որոշակի քանակությամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանում են Ռուսաստանի Դաշնություն եւ արդյոք սա կարո՞ղ է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում և անհանգստացած չի նա ՀՀ  նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով:

«Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում»,- ասել է նա: