Աշտարակ-Թալին ճանապարհին օտարման ենթակա հողատարածքներում լրացուցիչ չափագրման, գնահատման ու սոցիոլոգիական հարցումներ կանցկացվեն:

Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, նշվել է Կառավարությունում, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհուրդը որոշել է հավանություն տալ 2010 թ. հոկտեմբերի 4-ին «Մար-Մոս» ՍՊԸ-ի հետ ստորագրված պայմանագրի մեջ առաջարկվող փոփոխություններին: Այդ փոփոխությունները պայմանավորված են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկայնքում գտնվող եւ օտարման ենթակա հողատարածքներում չափագրման, գնահատման ու սոցիոլոգիական հարցումների անցկացման լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Նիստում հաստատվել են նաեւ «Էջիս ինթերնեյշնլ» կազմակերպության հետ 2010 թ. սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրի փոփոխությունները, որոնցով նախատեսվում է կազմակերպության պարտականությունների շրջանակից հանել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» առաջին տրանշի տեխնիկական վերահսկման գործառույթները:

Համաձայն հաստատված օրակարգի` ներկայացվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կառավարման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը, բյուջեն ու հայտ ներկայացնելու հրավերը, ինչպես նաեւ գնահատող հանձնաժողովի կազմած ու Ասիական զարգացման բանկի հաստատած կարճ ցուցակը: