Ֆրանսիան լրջորեն քննարկում է Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը մասնակցելու հարցը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առեւտրի նախարար եւ պետական քարտուղար Պիեռ Լելուշը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ եւս ողջունել է Ֆրանսիայի հնարավոր մասնակցությունը ատոմակայանի կառուցման հարցում:
Ֆրանսիական կողմի այս հայտարարությունները կարող են էական առաջընթաց ապահովել ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսելու հարցում: Նշենք, որ 2010 թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքած համաձայնագրի համաձայն` ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել կառուցել ատոմակայանի «ռեակտորային կղզյակը»: Դա 5 մլրդ դոլար գնահատվող ներդրումների մոտ 20 տոկոսն է: Եւս 20 տոկոս ներդրման պատրաստակամություն է հայտնել Հայաստանը: Ներդրումների մյուս մասը նախատեսվում է ապահովել եվրոպական կամ ամերիկյան աղբյուրների հաշվին:
Նշենք, որ այս տարվա ապրիլին Երեւանում պետք է կայանար միջազգային համաժողով` նվիրված ատոմակայանի նոր էներգաբլոկին: Դրա հիմնական նպատակն էր շահագրգռել միջազգային ներդրողներին: Սակայն Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժը, դրան հաջորդած ցունամին եւ «Ֆուկուսիմա» ատոմակայանի հետ տեղի ունեցած դեպքերը ստիպեցին հետաձգել համաժողովի անցկացումը: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարվա վերջերին, քանի որ Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայան կառուցելու ծրագրերից: Նավթի եւ գազի սեփական պաշարների բացակայության, տրանսպորտային մեկուսացվածության պայմաններում ատոմային էներգետիկան կարեւոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ապահովելու հարցում, իսկ Ֆրանսիայի մասնակցությունն այդ ծրագրին` լուրջ երաշխիք է միջազգային չափանիշներին համապատասխան նոր էներգաբլոկ ունենալու համար:




























