Երեւանում միկրոավտոբուսները հիմնականում աշխատում են գերբեռնված վիճակում եւ առավոտյան «պիկ» ժամերին փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը բավարար չէ: Նման եզրակացության են եկել Երեւանի քաղաքապետարանում, սեպտեմբերի 27-ի առավոտյան անցկացված մոնիտորինգի արդյունքներն ամփոփելուց հետո:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանն ամփոփել է այդ մոնիտորինգի արդյունքները:
Մասնավորապես, նշվել է.
«Դիտարկումների արդյունքներով ավտոբուսային երթուղիներում սպասարկումը թեեւ հիմնականում գնահատվել է բավարար, այդուհանդերձ առանձին երթուղիներում մեծ են եղել շարժման միջակայքերը (թիվ 12, 43, 19, 35, 40 երթուղիներ), վարորդների կողմից ծխելու դեպքեր են արձանագրվել թիվ 59Ա եւ 79Ա երթուղիներում:
Միկրոավտոբուսային երթուղիներում դեռեւս քիչ չեն այնպիսի փոխադրամիջոցները (հիմնականում «ՌԱՖ» եւ «ԵՐԱԶ» մակնիշների), որոնց ծառայության ժամկետները անցած են, գտնվում են տեխնիկապես անսարք վիճակում եւ ենթակա են փոխարինման: Միկրոավտոբուսները հիմնականում աշխատում են գերբեռնված վիճակում եւ առավոտյան «պիկ» ժամերին փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը բավարար չէ: Արդյունքում մեծ են շարժման միջակայքերը (թիվ 64, 49, 30, 115, 22, 109 երթուղիներ) եւ կանգառներում առաջանում են ուղեւորների կուտակումներ.
Առանձին շարժակազմերում արձանագրվել է ոչ բավարար սանիտարական վիճակ (թիվ 10, 26, 73, 87, 117 երթուղիներ): Վարորդների կողմից ծխելու դեպքեր են արձանագրվել թիվ 38, 41, 57, 4, 124, 93, 77, 21, 61, 45, 117, 70 երթուղիներում: Վարորդների կողմից ուղեսրահում երաժշտություն միացնելու եւ ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու դեպքեր են արձանագրվել թիվ 70, 24, 117, 87 երթուղիներում: Թիվ 38, 41, 118, 4, 96 երթուղիներում վարորդները ախատանքի են ներկայացել ոչ բավարար արտաքին տեսքով:
«Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը հանձնարարվել է քննարկել բարձրացված հարցերը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու եւ ուղեւորների պատշաճ սպասարկում ապահովելու ողղությամբ:
Միեւնույն ժամանակ ներքաղաքային ավտոբուսային թիվ 26, 40 եւ միկրոավտոբուսային թիվ 110, 64, 22, 117, 30, 115, 109, 116, 49, 48 երթուղիներում ուղեւորափոխադրումներ իրականացնող թվով 11 կազմակերպություններ վարչության կողմից գրավոր զգուշացվել են` առավոտյան ժամերին շարժման միջակայքերը չպահպանելու եւ ուղեւորների կանոնավոր սպասարկում չիրականացնելու համար»:




























