Այն, ինչ տեղի է ունենում այժմ, Արցախի հանդեպ Ադրբեջանի ավելի մեծ վերահսկողության աստիճանական հաստատումն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Բրյուսելում կատարվածը նա անվանել է  ոչ թե առանձին իրադարձություն, այլ հայկական կողմի վրա ճնշման գործընթացի մի մաս՝ փորձելով հասնել արդյունքի։ Փորձագետը նշել է, որ այդ գործընթացում օգտագործվում է բանավիճային գործիք՝ Բաքվի հայտարարությունների ձեւով, որ Արցախ գոյություն չունի, միաժամանակ օգտագործվում է նաեւ ուժային ճնշումը, շրջափակմամբ գործադրվող ճնշումը եւ դիվանագիտական ճնշումը։

Նրա կարծիքով՝ Բաքվի գլոբալ նպատակն այն է, որ իրեն հայերը պետք չեն, պետք է Ղարաբաղը։ «Ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում ադրբեջանցիները բաց են թողնում այն, ինչ ցանկանում են, ինչ չեն ցանկանում՝ բաց չեն թողնում։ Դա դառնում է իրականության մի մաս։ Այդ գործընթացը խստանալու եւ «լեգիտիմացվելու» է։ Իսկ եթե այդպես է, ապա որն է տարբերությունը՝ բեռները հասցվում են Լաչինո՞վ, թե՞ Աղդամով։ Կարեւոր է, որ բեռներն այնտեղ գնան ադրբեջանցիների թույլտվությամբ։ Չէ՞ որ իզուր չեն նրանք խոսում հումանիտար բեռների մասին։ Դա նշանակում է, որ Բաքուն ինքն է ընտրելու, թե ինչ բեռ ուղարկի։ Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղում խոսելու է նրանց հետ, որոնց ինքը կնշանակի։ Ղարաբաղում ընտրված իշխանությունների հետ նրանք չեն պատրաստվում խոսել՝ նրանց, այդ թվում ողջ արական բնակչությանը, համարելով հանցագործներ»,- նշել է Իսկանդարյանը։

Նա ավելացրել է, որ Ադրբեջանը լիազորությունների կպատառներ է պոկում, որոնք իրեն պետք են, որպեսզի սեղմի օղակն Արցախի շուրջ։

Արցախի էլիտաները, նրա գնահատմամբ, քիչ հնարավորություններ ունեն։

Քաղաքագետը ենթադրել է, որ առանձին ակցիաներ, այդ թվում Արցախի նախագահի նստացույցը, կարող են իրենց ավանդն ունենալ, եթե լինեն իմաստավորված ռազմավարություն եւ աշխատանք։

Նա պարզաբանել է, որ աշխատանքը պետք է լինի համալիր. անհրաժեշտ է փորձագիտական բազա եւ նպատակների ըմբռնում։ «Բացի այդ, հարկավոր է ռեսուրսների միախմբում, հարկավոր է պետական ապարատի գործողություններն այդ խնդրին ենթարկեցնելու հնարավորություն, հարկավոր է համաձայնություն, թե ինչպես աշխատել միասին։ Այս բոլոր հարցերում խնդիր կա»,- եզրափակել է Ալեքսանդր Իսկանդարյանը։