Պետք է ծափահարել Շառլ Ազնավուրին` նրա քաղաքացիական կեցվածքի համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, հանրահավաքում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստան ժամանած Շառլ Ազնավուրը իր վերջին հարցազրույցներից մեկում բառացիորեն հայտարարել է` երկրում մաֆիա է: Եթե հիշում եք, Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում: Եւ եթե հիշում եք, երեք տարի առաջ ինը հայ դիվանագետներ աշխատանքից ազատվեցին ավելի զուսպ հայտարարության համար»,-նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. ընտրություններից հետո Հայաստանի ԱԳՆ 9 աշխատակիցներ, այդ թվում` փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը եւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանն ազաատվեցին աշխատանքից:
«Ի՞նչ էին ասել նրանք: Նրանք միայն հայտարարել էին այն մասին, որ նախագահը պետք է լեգիտիմ լինի եւ ընտրվի ժողովրդի կողմից, իսկ իշխանությունները պետք է ձեռնպահ մնան ընդդիմության հետ ուժային բախումներից: Դրա համար նրանց աշխատանքից ազատեցին: Ազնավուրն ավելի անկեղծ է արտահայտվել: Սակայն նրան արդեն չեն ազատի` կցանկանայի տեսնել, թե ինչպես նրանք կանեին դա: Նրա քաղաքացիական կեցվածքի համար պետք է ծափահարել»,-հայտարարեց Փաշինյանը` ցուցարարների ծափահարությունների ներքո:
«Թող որ այսօր այդպես է: Սակայն մեզ ուժեղ է դարձնում մեր միասնությունը: Ով վստահ չէ իր ուժերին` մենք նրան կքաջալերենք, ով հիասթափված է` կաջակցենք: Եւ եթե մեզնից յուրաքանչյուրը վստահ լինի իր ուժերին եւ իր իրավացիության մեջ` այդ ժամանակ մենք ավելի ուժեղ կլինենք այն մաֆիայից, որի մասին հայտարարել է Ազնավուրը»,-հայտարարեց Փաշինյանը:



























