Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Հանրապետական ստադիոնում անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը: Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով եւ սպասում է ավելի ուշ կայանալիք Սլովակիա - Ռուսաստան եւ Անդորա - Իռլանդիա հանդիպումների հաշվին: Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման հաշիվը Հայաստանի հավաքականը բացեց 28-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը շրջանցեց երեք պաշտպանների, հետփոխանցում կատարեց եւ Մարկոս Պիզելին գրավեց Մակեդոնիայի դարպասը:

Մարկոս Պիզելիի գոլից ընդամենը վեց րոպե անց` 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռու տարածությունից գերազանց հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսի սկզբում Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն երկու դեպքում էլ հարվածը ուժեղ չստացվեց եւ դարպասապահը փրկեց դրությունը:

53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Վելիչե Շումուլիկոսկին եւ Մակեդոնիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով:

69-րդ րոպեին երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Յուրա Մովսիսյանը, իսկ հաշիվը 3:0 դարձրեց Գեւորգ Ղազարյանը:

Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հյուրերը կարողացան խփել հեղինակության գոլը: Աչքի ընկավ Վանչե Շիկովը:

Ավելացված առաջին րոպեին Արթուր Սարկիսովը փոխանցում ստացավ Յուրա Մովսիսյանից, հետեւում թողեց երկու պաշտպաններին ու դարպասապահին եւ հաշիվը դարձրեց 4:1:

Հայաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով եւ B  խմբում 17 միավորով հավասարվեց մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար Ռուսաստանին: Հայաստանի հավաքականը 9 հանդիպումներում խփել է 21 գոլ, բաց է թողել ընդամենը 8 գնդակ:

Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիների հետ:

Հայաստան – Մակեդոնիա` 4:1
Պիզելի, 28, Մխիթարյան, 34, Ղազարյան, 69, Սարկիսով, 90+1 - Շիկով, 86

Հայաստան. Բերեզովսկի, Յուսպաշյան, Հովսեփյան, Մկրտչյան (Սարկիսով, 75), Եդիգարյան, Մովսիսյան, Ալեքսանյան, Մխիթարյան, Հայրապետյան, Ղազարյան (Մալաքյան, 83), Պիզելի (Մանուչարյան, 63)