Ռուսաստանը խլել է վրացական տարածքի մի մասը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Թբիլիսիի Ազատության հրապարակում ելույթի ժամանակ: Նրա խոսքով` «Ֆրանսիան ամենից լավ է հասկանում, թե ինչ ցավ է զգում Վրաստանն իր տարածքների կորստի պատճառով»:
«Դա այնպիսի սուր ցավ է, ինչպես վերջույթների անդամահատումը: Ցավ, որ դուք զգում եք եւ չեք կարող հաշտվել կորստի հետ»,-հայտարարել է Սարկոզին` որպես օրինակ բերելով Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները: «Ոչ մի ուրիշ պետություն այդպես սուր չգիտի, թե ինչ է նշանակում պետության մասնատում, սակայն կա ընտրություն, որ ժամանակին կատարեցին Ֆրանսիան եւ Գերմանիան 1945թ-ին` երեք ավերիչ հակամարտություններից հետո: Ներկայումս Ֆրանսիայի եւ Գրեմանիայի ժողովուրդները բարիդրացիական հարաբերություններ ունեն, իսկ նրանց բարեկամությունն ամուր է եւ անկեղծ»,-հայտարարել է նա:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը երեւանյան ժամանակով ժամը 19:30 –ին լքել է Թբիլիսին` այդպիսով ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս:




























