Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջակում  յուրաքանչյուր տարի պետբյուջեում գումար հատկացնել` ներգաղթի եւ արտագաղթի ճիշտ հաշվեկշիռն ու համապարփակ վերլուծությունը կազմելու համար՝ սկսած 2012թ. տնտեսական տարվանից:

Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 7-ին, այս մասին Վազգեն Մանուկյանը խոսել է ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի ընդլայնված նիստում՝ միգրացիոն խնդիրների շուրջ քննարկման ավարտին:

Հանրային խորհրդի այսօրվա նիստո, միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ 1988-2001թթ. Հայաստանից արտագաղթել է 1,1 միլիոն մարդ, 2002-2007թթ.՝ 150 հազար մարդ: 2008թ.-ից հետո արտագաղթի ճշգրիտ թվերի շուրջ վերլուծություններ անելու համար Գագիկ Եգանյանն ասաց, որ ուղիներ որոնում են: Մեկ այլ ուղի է՝ սպասել առաջիկայում անցկացվելիք մարդահամարի արդյունքների հրապարակմանը:

Ինչ վերաբերում է արտագաղթի պատճառներին, Գագիկ Եգանյանը վկայաբերեց հարցումների արդյունքում պարզված առաջին չորսը՝ աշխատատեղերի բացակայություն, բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայություն, մասնագիտական աշխատատեղերի բացակայություն, գործարարությամբ զբաղվելու առողջ մթնոլորտի բացակայություն: