Եվրահանձնաժողովը թույլատրել է ծրագրային հսկա Microsoft-ին ձեռք բերել IP հեռախոսային Skype ծառայությունը:
Եվրոպական հակամենաշնորհային կարգավորող մարմնի հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու ընկերությունները հատվում են տեսահեռահաղորդակցության շուկայում, որտեղ Microsoft-ը ներկայացված է Windows Live Messenger ծառայությամբ: Սակայն նկատի ունենալով շուկայում բարձր մրցակցությունը, որտեղ ներկայացված է նաեւ Google-ը, Եվրահանձնաժողովը Microsoft-ի կողմից Skype -ի ձեռք բերման հարցում սպառնալիք չի տեսնում: Այսպիսով, ԵՄ հակամենաշնորհային քաղաքականության հարցերով հանձնակատար Խոակին Ալմունիան պատրաստ է կանաչ լույս վառել ենթադրվող գործարքի համար`չնայած հավանական մրցակիցների բողոքներին:
Ինչպես նշում է «Վեդոմոստին», Microsoft -ի կողմից Skype-ի ձեռք բերումը ամերիկյան ընկերության նոր հեռախոսներին թույլ կտա ուղղակիորեն մրցակցել Google եւ Apple-ի սմարթֆոնների հետ: Գործարքը ԱՄՆ հակամենաշնորհային ծառայության կողմից հավանության էր արժանացել հունիսին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Microsoft-ը Skype -ի ձեռք բերման պայմանագիր էր կնքել 8,5 միլիարդով` 2011թ. մայիսին:




























