Շնորհիվ դիվանագիտական ճակատում տարված աշխատանքի եւ քայլերի Հայաստանն ու Արցախը 30 տարի ունեցել են խաղաղ ու անվտանգ զարգացման հնարավորություն,ինչը չունեցանք վերջին տարիներին եւ չկա հստակ հեռանկար, որ դա կունենանք մոտ ապագայում: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը:
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն անհամբեր սպասում է, թե երբ կլրանա ռուս խաղաղապահների ժամկետը եւ իր կարծիքով ՌԴ-ն պետք է լքի Ադրբեջանի տարածքը: Ցանկանանք, թե չցանկանանք, գոհ լինենք, թե դժգոհ, միակ խոչընդոտը, որը զսպում է Ադրբեջանի նկրտումները Արցախում, ռուս խաղաղապահների ներկայությունն է: Ադրբեջանը հասկանում է, որ այդ խոչընդոտը պետք է վերացնել, եթե ինքը մտադիր է Ղարաբաղի հարցում վեջնակետ դնել: Այդ անհամբերությունը փոխանցվել է նաեւ Ադրբեջանի հովանավոր Թուրքիային»,-ասաց նա:
Հարցին, թե ռուս խաղաղապահները կկարողանա՞ն մնալ Արցախում, թե ոչ, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Դա բազմաթիվ գործոններից է կախված: Ակնհայտ է, որ ՌԴ-ն ցանկանում է մնալ Արցախում, դիտարկելով ողջ տարածաշրջանում իր ներկայության գրավականներից մեկը: Ռուսական քաղաքական էլիտան միակարծիք է, որ ՌԴ-ի դիրքերը Հարավային Կովկասում վտանգված են եւ գտնվելով Արցախում այն ոչ միայն ապահովում է Արցախի, այլ նախեւառաջ իր անվտանգությունը:
Ակնհայտ է, որ կան բազմաթիվ ուժեր ու երկրներ, որոնք այնքան էլ գոհ չեն ՌԴ-ի ներկայությունից: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նույնպես գոհ չէ: Պարզ է, որ բոլորն էլ ձգտելու են հասնել նրան, որ ռուսական ռազմական ներկայությունը Արցախում վերանա»:
Նրա խոսքով, այս իրավիճակում մենք պետք է ունենանք ակտիվ դիվանագիտություն, պետք է դիվանագիտությունը լինի ոչ միայն ԱԳՆ-ի մակարդակով, այն պետք է լինի շատ ակտիվ ռազմական դիվանագիտություն, շատ ակտիվ տնտեսական ու հանրային իվանագիտություն. «Դրա նպատակը պետք է լինի ոչ թե կանխորոշել, թե Հայաստանը որ ճամբարում է լինելու 1-2 տարի, այլ պետք է մտածել՝ ինչ անել, որ Հայաստանն ընդհանրապես լինի, եւ իր շահերը պաշտպանված լինեն»,-ընդգծեց Միրզոյանը:











