Ադրբեջանը հիմա այնքան էլ շահագրգիռ չէ խոշորածավալ ռազմական գործողություններ սկսելով: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է մեծ հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է մեծամասշտավ ռազմական ագրեսիայի դիմել:

«Ադրբեջանն ինքն այնքան էլ շահագրգիռ չէ խոշորածավալ ռազմական գործողություններով: Մեզ մոտ մի առասպել է  ձեւավորվել, որ Ադրբեջանը ունի հզոր բանակ, իր ռազմական մակարդակով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, բայց մի փոքր ուսումնասիրության դեպքում պարզվում է, որ դա հերթական փուչիկն է: Ադրբեջանի բանակը եւս շատ ծանր կորուստներ է ունեցել պատերազմի ժամանակ: Դա հաստատում է այն փաստը, որ պատերազմից հետո Ադրբեջանը հսկայական ծավալի ռազմական տեխնիկա է գնում: Բայց հարցը միայն տեխնիկան չէ, պետ է վերականգնել նաեւ զինուժը, իսկ Ադրբեջանի բանակում տիրում է շատ ծանր իրավիճակ: Դրա համար Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ գործողությունների, նա պատրաստ է թիրախային գործողությունների, որոնց նպատակն է պարտադրել իր տեսակետները, որոնց չի կարողանում հասնել բանակցություններով»,- նշեց Միրզոյանը:

Արցախի նախկին արտգործնախարարը, սակայն, չի բացառում, որ ռուս-թուրքական որոշակի հարաբերությունների դեպքում Ադրբեջանին ուղղակի ստիպեն գնալ ավելի հեռու գնացող քայլերի:

«Դրա համար պետք է ուշադիր հետեւենք զարգացումներին, փորձենք զարգացնել մեր անվտանգային միջավայրը, նախեւառաջ աշխատել ռուսական կողմի հետ»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:

Հարցին, թե որքանով է այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից Սյունիքով դեպի Նախիջևան բացվելիք կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության հարցը առնչվում Արցախում առկա վիճակին և ռուս խաղաղապահների դուրս բերելու հեռանկարի հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հայտարարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված ռուսական վերահսկողության տարբերակից հրաժարվելու մասին, Միրզոյանը նկատեց՝ գլխավոր կռվախնձորը հենց վերահսկողության հարցն է, քանի որ ում ձեռքին որ լինի այդ լծակը, նա էլ վերահսկողություն կունենա ողջ տարածքի նկատմամբ՝ դրանից բխող արդյունքներով։

«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուն եւ առաջ մղող ուժը Թուրքիան է: Ադրբեջանը լինելով Թուրքիայի հլու կամակատարը, հանդես է գալիս սառույցներ կոտրող նավի դերում, որը ճանապարհ է հարթում թուրքական այդ գաղափարի համար: Ակնհայտ է, որ ցանկացած փորձ նվազեցնել Հայաստանի ազդեցությունն իր իսկ տարածքում, ատ վտանգավոր է Հայաստանի համար, եւ ցանկացած այդպիսի փորձի պետք է հակադարձել»,- ասաց Միրզոյանը: