ԼԴՊՌ-ն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին վետերանի կարգավիճակ տալ։

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, ուրբաթ օրը քննարկման կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին մարտական գործողությունների վետերանի կարգավիճակ տալու մասին նախագիծը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից։

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վետերանների մասին» օրենքում եւ 3-րդ հոդվածը լրացնել նոր նորմով, համաձայն որի՝ մարտական գործողությունների վետերաններ են ճանաչվում 1988 թվականի մարտից մինչեւ 1991 թվականի դեկտեմբերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած մարտիկները:

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ ռազմական գործողությունների վետերանի կարգավիճակն այս հակամարտության մասնակիցների համար նրանց իրավունք կտա ստանալ որոշակի արտոնություններ, այդ թվում ՝ ամսական դրամական վճար, առողջարանային բուժում, անվճար պրոթեզավորում եւ այլն: