ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում անդրադարձել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանը, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը կարող է շոշափելի վնաս հասցնել ռուս-հայկական հարաբերություններին:
Մասնավորապես, Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:
ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ:




























