10 օրից միջազգային հանրությունն ունենալու է լիակատար արձակուրդային տրամադրություններ. Իրենք իրենց կյանքը չեն շեղելու, եւ դա հաշվի առնելով պետք է իսկապես շտապել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Բայց, ցավոք սրտի, Հայաստանի այն ինստիտուտները, որոնք կարող են եւ միշտ Արցախի ձայնը բարձրաձայնել են, կարծես հրաժարվում են այդ ձայնից, կամ էլ հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ընդգծեց նա:

Թեւան Պողոսյանը հայտարարեց, որ եթե ոչինչ չփոխվի, մարդիկ ֆեյսբուքով դիտելու են 21-րդ դարի ցեղասպանությունը, սովը, թե ինչպես է տեղի ունենում. «Կամ էլ պետք է իսկապես կարողանանք գիտակցել վտանգը եւ ազգային զարթոնք սկսել: Անհնարին բան չկա: Արցախը 1990-1992 թվականներին կարողացել է շրջափակման մեջ գոյատեւել:  Միգուցե այդ ծրագիրը պետք է սկսի իրագործվել Արցախում ու Հայաստանում:

Մի կողմից իշխանությունը կոչ է անում, որ պետք է միջազգային հանրությանը դիմել, միջազգային մամուլին ուշադրություն դարձնել, մյուս կողմից կա այդ գործիքակազմը, գործող կառավարությունը թող կառավարության նիստից հետո ցուցադրաբար ոտքով գնա ու ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնի: բոլոր նախարարներով թող գան ու ասեն՝ եկել ենք, մեր ձայնն ենք բարձրացնում: Վստահ եմ, որ Հայաստանում գործող միջազգային մամուլի ներկայացուցիչները այդ պատկերը կլուսաբանեն:»,-ասաց քաղաքագետը:

Նա անդրադարձավ նաեւ սեպտեմբերին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին. «Մեզ շատ դժվարին ժամանակահատված է սպասվում հատկապես տեղեկատվական մանիպուլյացիաների մեկամսյակի իմաստով՝ Երեւանի ընտրությունների ժամանակ: Հասկանալի է, թե այդ ժամանակ ոնց են տարբեր խմբեր փորձելու իրենց շահերն առաջ տանել: Ես այսօրվանից կոչ եմ անում՝ բոլոր քաղաքական թիմերը, որոնք գնալու են ընտրությունների. Օր առաջ իրար հետ պայմանավորվեք, որ Արցախի թեման չի լինելու իրար դեմ լարվելու թեմա, այլ լինելու է ամենակարեւորը եւ բոլորս միասնական ենք լինելու: Միանանք Արցախից հնչող ձայնին, որ Արցախի ինքնորոշման իրավունքն ենք պաշտպանելու, որ Աղդամից Ստեփանակերտ ոչ մի անգամ հումանիտար օգնություն չի լինելու, բոլոր այդ պահանջներին միանում ենք եւ դա դուրս ենք հանում մեր քննարկման դաշտից: Իսկ դրանից հետո կքննարկեք վերելակների քանակը, թե ոնց եք վերականգնելու, որտեղ ասֆալտ կլինի, քանի ծառ եք տնկելու, այդ հարցերում ինչքան կուզեք՝ բանավիճեք: Իսկ երբ մենք թույլ ենք տալիս մեզ խաղացնել Արցախի հարցը շահարկելով, մեզ մեր թշնամիներն էլ են խաղացնում, չուզողներն էլ: Այո, մենք Արցախի հարցում չունենք բարեկամ, բայց ունենք ներքին մեծ ուժ, 10 միլիոնոնաոց հայություն ամբողջ աշխարհում»,-ընդգծեց Թեւան Պողոսյանը: