Արցախը եւ արցախիցները երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, ի պաշտպանության Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի աջակցելու Արցախի հերոսական ժողովրդին, որոնք ավելի քան 7 ամիս պայքարում են շրջափակման մեջ։ Ուզում եմ՝ Հայաստանին ակնհայտ օգնություն լինի Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին, որ իրենք հասկանան՝ մենակ չեն, իրենց հետ ենք եւ պաշտպանում ենք իրենց բոլոր պահանջները որպես մեկ ազգի ներկայացուցիչ»,- նշեց նա։

Նախկին գլխավոր դատախազի կարծիքով՝ հիմա ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, միմյանց քննադատել, այլ միավորվել եւ իրավիճակից ելք գտնել։

«Այսօր պետք է մեր համազգային հստակ դիրքորոշումը հայտնենք․ առաջին՝ Արցախի եւ Հայաստանում ապրող ժողովուրդները մեկ ազգ են, երկրորդ՝ Արցախը, Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք երեք տարի ազգովի փնտրում ենք մեղավորների, սեւեր եւ սպիտակներ, բայց դա մեր խնդիրը լուծե՞լ է»,- ասաց Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կա նաեւ ռուսական կողմի մեղավորությունը, որովհետեւ նրանք չեն պահպանել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը։

Հարցին, թե պաշտոնավարման տարիներին արե՞լ է իրենից կախվածը իրավիճակը կանխելու համար, Դավթյանը պատասխանեց․ «Որպես դատախազ արել եմ ամենը, որ օբյեկտիվ լինեն իրավական գործընթացները»։

«Միաժամանակ մենք մեր երախտիքը չենք կարող չունենալ ռուս խաղաղապահին, որ մեր արցախցիներն ապրում են անվտանգ։ Եվ որքան որ այսօր բարձր լինի մեր ձայնը, այնքան մենք կտեսնենք մեր ռազմավական գործընկերոջ գործողությունները»,- ասաց Դավթյանը։