Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կշարունակի Չախալյանի աջակցությանն ուղղված ջանքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ջավախքցի հասարակական գործիչ Վահագն Չախալյանը Ռուսթավի քաղաքի խիստ ռեժիմի բանտում անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա խոսքով` բանտային վարչակազմը կիրառում է մարդու արժանապատվությունը վիրավորող միջոցառումներ:
«Հասարակական կազմակերպությունները մշտապես բողոքում են, եւ մենք նրանց հետ ենք: Համակարգող խորհուրդը նաեւ բաց նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին: Դժվարանում եմ ասել, թե ինչ արդյունքների կհանգեցնի նման ծայրահեղ միջոցը` հացադուլը, սակայն կարելի է պնդել, որ դրա պատճառը դժվար պայմաններն ու ճնշումներն են»,-հայտարարել է Շ. Թորոսյանը:
Ծագումով ջավախքցի Թորոսյանն անձամբ չի կարող տեղում ծանոթանալ իրավիճակին. «Ինչպես գիտեք, իմ մուտքը Վրաստան արգելված է, եւ ես արդեն երեք տարի զրկված եմ նույնիսկ հարզատներիս այցելելու հնարավորությունից»,-ասաց նա:




























