Հայտարարվել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի երկրորդ` 2012թ. մրցույթը:

Նշենք, որ աստղագիտության  հարակից գիտությունների ոլորտներում կատարած մեծ նվաճումների համար Հայաստանի նախագահի սահմանած մրցույթը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

Հատկանշական է, որ Հայաստանի կողմից անցկացվող մրցույթը գիտական շրջանակներում մեծ հեղինակություն եւ կարեւորություն է ձեռք բերել, քանի որ համարվում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 500 հազար դոլար (Նոբելյան մրցանակի այսօրվա համարժեքն է մոտ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար):

Մրցանակին կարող են ներկայացվել առանձին գիտնականներ կամ գիտական խմբեր` բաղկացած ոչ ավելի քան 3 գիտնականից։

Մրցույթի ժամկետն է 2012թ. մարտի 18-ը, արդյունքները հայտնի կդառնան 2012թ. հուլիսի 18-ին, իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:

Գործում է անվանի աստղագետներից եւ ֆիզիկոսներից կազմված միջազգային հեղինակավոր հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, իսկ նրա կազմում են Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ Ուիլյամսը, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի 2010թ. հաղթող Միշել Մայորը եւ ուրիշներ: