Նախագահ Սերժ Սարգսյանի նամակը նոր հույս և հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների համար, առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակի հանգուցալուծման համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ԱՄՆ դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակին, որն ուղղված է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին։
Այսօր ՀՀԿ-ականներն այդ նամակները հանձնեցին ՀՀ-ում վերոնշյալ երկրների դեսպանություններին։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ցանկացած անելանելի իրավիճակում պետք է առաջին հերթին հասկանալ, թե որն է դրա ձևավորման պատճառը։
«Այս իրավիճակի ձևավորման պատճառն, այսպես կոչված, այսօրվա քաղաքական իշխանություններն են, Հայաստանի այսօրվա կառավարիչները, որոնք հասցրել են բանակցային գործընթացն ու երկու հայկական պետություններն այս իրավիճակին, ինչը մանրամասն նկարագրված է Սերժ Սարգսյանի նամակում»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ իրենք իրենց անելիքը կանեն՝ կազատեն Հայաստանը հակահայկական իշխանություններից։ «Իշխանություն կոչեցյալից, որն անում է ամեն ինչ, որպեսզի բավարարի Ադրբեջանի ուլտիմատումները։ Այո, մենք մեր անելիքը կանենք, սակայն այս պահին Արցախի հումանիտար աղետի հետ կապված անհրաժեշտ են հրատապ լուծումներ»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։











