Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ստեղծված իրավիճակում իրադարձությունների զարգացման 4 տարբերակ է տեսնում: Նա այդ մասին նշեց NEWS.am-ի հետ զրույցում. «Մենք ունենք 4 տարբերակ. պահպանել ստատուս քվոն, որը, տեսնում ենք, որ դժվար է: Ադրբեջանը դա չի ուզում, ներքին ու արտաքին տարբեր ուժեր արագացնում են գործընթացները, երկրորդը՝ լինենք Ադրբեջանի մաս, որի դեպքում լինելու է համակենտրոնացման ճամբար, ցեղասպանություն, երրորդը պատերազմն է, որը չգիտեմ՝ ինչով կվերջանա, գուցե ցեղասպանությամբ, եւ չորրորդը տղամարդավար, արժանապատիվ ձեւով, առանց գենոֆոնդը վտանգելու բիբլիական դուրս ենք գալիս՝ չծախելով մեր հայրենիքը»:
Նրա խոսքով, ով Արցախի այդ իրավիճակի համար պատասխանատու է լինելու, 7 պորտով պատժվելու է՝ լինի անհատ, պետություն, կազմակերպություն:
«Ինչ է մեզ սպասում ապագայում. Իհարկե, տրոհվելու է հայ ազգը, մի մասը թքելու է, դուրս է գալու, արցախցիները չգիտեմ ինչ կարգավիճակում են հայտնվելու, Սփյուռքը բաժանվելու է Հայաստանից, Հայաստանը տարածքներ է կորցնելու, դառնալու է վիլայեթ, միգուցե այդ մարդիկ դա են ուզում: Ի՞նչ են ուզում սրանք»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով Ռուսաստանի գործոնին, նա նշեց. «Ես համաձայն եմ այն մտքին, որ Ռուսաստանին հատուկ պետք է դիմենք: Սա միանշանակ է, եւ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, որպես երկիր, որը կրում է պատմական պատասխանատվություն, պատմական շահագրգռվածություն ունի տարածաշրջանում: Ինչ-որ տեղ հանդիսանում է այս իրավիճակի բոլոր հետեւանքների եւ պատասխանատվություն կրողը, որովհետեւ որպես 2020-ի հայտարարության երաշխավոր է հանդես գալիս:
Միանշանակ, առաջին հերթին պետք է Ռուսաստանի հետ մեր հարցերը պարզենք»:











