Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտպանության տակ է առել Ջուլիան Ասանժին՝ փորձելով «բացատրել» արեւմտյան երկրների եւ կազմակերպությունների կշտամբանքները Ադրբեջանում խոսքի ազատության հետապնդման հետ կապված։

«Եթե փորձում եք ինչ-որ մեկին մեղադրել խախտումներ կատարելու մեջ, առաջինը, ինչ պետք է անեք, ձեզ հայելու մեջ նայելն է եւ տեսնելը, թե արդյոք դուք էլ նման բանի մեջ խառնված չեք։ Այն, ինչ տեղի է ունեցել Ջուլիան Ասանժի հետ, միանգամայն անընդունելի է։ Դա խոսքի ազատության կոպիտ խախտում է։ Մարդուն կտտանքների են ենթարկում։ Նրան կտտանքների են ենթարկել մի քանի տարի մի դեսպանությունում, նրան կտտանքների են ենթարկում նաեւ այժմ։ Ես խոսում եմ բարոյական կտտանքների մասին, ես չգիտեմ՝ ենթարկե՞լ են արդյոք նրան ֆիզիկական կտտանքների, թե՞ ոչ։ Չեմ կարող պնդել այն, ինչ չգիտեմ։ Բայց մարդը տառապում է միայն այն պատճառով, որ  բացել է տեղեկություն, որն ստացել է ինչ-որ աղբյուրներից։ Գուցե նա իրավացի չէր։ Գուցե ինչ-որ, այսպես ասած, խախտումներ, կատարել է, բայց այնտեղ՝ Արեւմուտքում, նրանք իրավիճակն այնպես են ներկայացնում, ասես լրագրողները կարող են  անել այն ամենը, ինչ ցանկանան, եւ նրանք չեն հայտնվի քրեական իրավունքի գործողության տակ։ Եվ եթե դու ձերբակալում ես լրագրողի, դա նշանակում է, որ դու բռնակալ ես։ Ուստի ես ասացի. «Նայեք Ջուլիան Ասանժին, թե ինչ եք արել այդ տղայի հետ, եւ ինչպե՞ս կարող եք մեղադրել ինչ-որ մեկին՝ ձեր պատմության մեջ նման շատ մութ էջ ունենալով։ Եվ ինչպես դուք նշեցիք, դա ավելի քան երկու տարի առաջ էր, եւ որտե՞ղ է հիմա Ջուլիան Ասանժը։ Դեռ բանտում է։ Դեռ բանտում է։ Ինչ-որ մեկը խոսո՞ւմ է նրա մասին։ Ոչ»,- գանգատվել է Ալիեւը։