Բրյուսելում հուլիսի 15-ին կայացած հանդիպմանն Ադրբեջանի նախագահը Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների եւ անվտանգության հարցը հասցեագրելու հարց է բարձրացրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ խոսվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցի եւ այն մասին, որ այն պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ճանապարհով, Ադրբեջանն իր հերթին հարց է բարձրացրել, որ այդ դեպքում Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների եւ անվտանգության հարցը նույնպես պետք է հասցեագրվի։ Դրան մեր արձագանքը եղել է այն, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման Լեռնային Ղարաբաղի հայության թեմայի հետ համարժեք չէ, այլ, եթե կա այդպիսի թեմա, այն համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից, Նախիջեւանից հայերի իրավունքների եւ անվտանգության թեմային»,- ասաց նա։