Հավանականությունը, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կլինի ձեւակերպում, որի հետ համաձայն կլինեն եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, եւ Լեռնային Ղարաբաղը, շատ քիչ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե այդ հավանականությունը շատ քիչ չլիներ, մինչեւ հիմա այդ խաղաղությունը մի քանի անգամ հաստատված կլիներ»,-ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որտեղ նա ի թիվս այլոց խոսել էր Արցախի ինքնորոշման իրավունքի եւ ինքնավարության հարցերի մասին. «Եթե ինքնավարության մասին է խոսել Վարդան Օսկանյանը, նշանակում է նույնիսկ ինքը՝ Օսկանյանը, ով աջակցում է այն նախաձեռնությանը, որով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեորեն պատժելի պետք է լինի, ինքը այս փաստով ընդունում է Ղարաբաղի Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը: Որովհետեւ ինքնավարություն նշանակում է Ադրբեջանի կազմում:
Ավելին ասեմ, ես քննիչ հանձնաժողովում ստիպված եղա հրապարակել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը, որտեղ նախագահողի հայտարարության մեջ ինքնորոշման իրավունքը հենց որպես ինքնավարության իրավունք էր մեկնաբանված ԼՂ համատեքստում: Սրանով հանդերձ Օսկանյանն ընդունո՞ւմ է, որ իր բանակցային տրամաբանությունը եղել է ԼՂ-ի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում եւ ինքը չի կարողացել հասնել դրան՝ լինելով փորձառու դիվանագետ»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Լիասաբոնի գագաթնաժողովում, երբ Հայաստանը վետո է դրել փաստաթղթի վրա, նախագահողը միջազգային հանրության դիրքորոշումն է ներկայացրել, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում, եւ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա ինքնավարություն:
«Ոչ ոք չի խանգարում, որ Ստեփանակերտը երկխոսության գործընթացում իր օրկարգը բարձրացնի եւ փորձի հասցեագրել ու նաեւ դրա պատասխանատվության ու իրավունքի կրողն ինքը լինի, Հայաստանն էլ աջակցի ինչով կարող է: Բայց մեզ համր առաջնահերթ է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությունը»,-ասաց նա:





























