Տեղ գյուղում իրավիճակը չի փոխվել, ադրբեջանցիները առաջխաղացած դիրքերում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը Արցախի ֆինանսավորումը որպես լծակ է օգտագործում, Փաշինյանն ասաց, որ Արցախի ֆինասավորումը լծակ չէ, ուղղակի իրողություն է, որը պետք չէ մոռանալ․ «Ինչքան անհրաժեշտ լինի, մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների կողքին։ Անկեղծ թող մեկն ասի՝ ի՞նչ ենք խնայել»։
Փաշինյանի ծխոսքով՝ ինքն իրեն մեղավոր է զգում, որ շատ բաների մասին չի կարողացել ավելի վաղ խոսել՝ անկախ այն բանից, թե որքանով էր դա հնարավոր։
«Իրականության եւ իրողության հետ հարաբերություններում խզում կա։ Մենք գիտե՞նք, թե ինքնորոշումն ինչ է նշանակում ԼՂ-ի պարագայում միջազգային հանրության համար։ Խոսում ենք ինքնորոշումից, եթե պարզվի մեր դիրքորոշումն է ճիշտ, աշխարհում պետություն չի մնա։ Սա պարզ հարց չէ։ Ասում են՝ այպես պետք է լիներ, հա պետք է լիներ, մինչեւ 2018 թվականը թող լիներ։ Ասում են՝ չլիներ հեղափոխությունը, դա կլիներ, լավ, թող հեղափոխությունից չորս օր առաջ ԱԺ ամբիոնից չհնչեր՝ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չկա, Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են։ Վարդան Օսկանյանին ի՞նչն էր խանգարում իր ասածներն անել, հիմա էլ բառախաղերի մեջ է»,- նշեց նա։





























