Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։

Գերատեսչությունը նշել է, որ ի գիտություն է ընդունել այդ հայտարարությունը, միաժամանակ պնդելով, որ հայկական կողմը կտրականապես մերժում է ադրբեջանական կողմի օգնության առաջարկը։

Հիշեցնելով հուլիսի 15-ին Լաչինի միջանցքի սահմանային անցակետում տեղի ունեցած զինված միջադեպի  և ապրանքների մաքսանենգ փոխադրման համար մարդասիրական կազմակերպության հասցեին արված մեղադրանքների մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է․ «Հայաստանի ապօրինի գործողութունների փորձերի կանխմանը զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունը»։

Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանն առաջարկել է դեղամիջոցների և հումանիտար բեռների տեղափոխման համար օգտագործել նաև Աղդամով անցնող ճանապարհը, սակայն «հայկական կողմը հրաժարվում է այդ ճանապարհն օգտագործելուց»։

ԿԽՄԿ-ն այսօր հայտարարել է, որ ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ոչ Լաչինի միջանցքով, ոչ էլ որևէ այլ երթուղով, ներառյալ՝ Աղդամը։ Կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութունը ներկա պահին սննդամթերքի, կենսական կարևորության դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության առարկաների՝  հիգիենայի միջոցների ու մանկական կերերի, խիստ կարիք ունի և հիշեցրել է, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է այդ տարածաշրջան բժշկական նշանակության իրեր և սննդի հիմնական մթերքներ տանել մի քանի շաբաթ առաջ։

Ի պատասխան, Բաքուն կոչ է արել ԿԽՄԿ-ին  «ձեռնպահ մնալ քաղաքական նպատակներով իր մանդատը չարաշահելուց»։