NEWS.am ներկայացնում է Պյեր Ավրիլի հոդվածը` հրապարակված ֆրանսիական «Le Figaro» պարբերականում:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ կառաջադրվի նախագահական ընտրություններում: Քաղաքական անեկդոտները վերադառնում են ժողովրդական կենցաղ: Կրեմլի տիրոջ մասին կատակները ծաղկում են, ինչպես խորհրդային լավագույն ժամանակներում: Ռուսաստանը վերադառնում է բրեժնեւյան դարաշրջան, երբ հեգնանքը միակ դեղամիջոցն էր քաղաքական մարազմից:
ԽՍՀՄ-ը հիշեցնող մյուս բաղադրիչը անձի պաշտամունքն է: Ուրբաթ օրը, երբ պուտինամետ «Նաշի» երիտասարդական շարժումը Կարմիր հրապարակում եւ երկրի 14 քաղաքներում տոնեց կուռքի 59-ամյակը Ռուսաստանի տարեց քաղաքացիները հիշեցին բրեժնեւյան անցյալը: Խորհրդային կայսրության անկումից 20 տարի անց լիբերալները փաստում են, որ երկիրը վերադառնում է բրեժնեւիզմի եւ քաղաքական լճացման: Վերակառուցմանը նախորդած այդ ժամանակաշրջանը տեւել է 18 տարի:
«Բրեժնեւի տարիներին եւս տարածված էր քննադատական մտածողությունը. ծիծաղը միակ միջոցն էր ազատվելու ողբերգական զգացումից, որ երկիրը գլորվում է գետն ի վար, եւ ոչ մի նավապետ ի զորու չէ շտկել նավի ընթացքը: Տարբերությունն այն է, որ 30 տարի առաջ իրավիճակի միակ մեղավոր էր համարվում կոմկուսը, իսկ այժմ մենք ենք մեր ապատիայով պատասխանատու մեր տխուր ճակատագրի համար»,– նշեց արվեստաբան եւ նախկին այլախոհ Անդրեյ Երոֆեեւը:
«Լեւադա - Կենտրոն» ինստիտուտի հարցման համաձայն` Կրեմլ վերադառնալու Պուտինի որոշման հետ կապված ոչ մի հույզ չունի ռուսաստանցիների 41 տոկոսը, իսկ 52 տոկոսը կարծում են, որ մարդիկ հոգնել են հաջորդ նախագահից սպասել իրենց կյանքի բարելավում:
Մարդիկ դարձյալ քաղաքականության մասին խոսում են խոհանոցում եւ բացում են կայքեր, որտեղ Պուտինի ծերացող դեմքը դրված է Լեոնիդ Բրեժնեւի դեմքի վրա:
Կրեմլը կցանկանար փոխել այդ ամաչեցնող կերպարը, սակայն չի կարողանում ընտրել ռազմավարություն: Վլադիմիր Պուտինը բրեժնեւյան լճացմանը հակադրում է քաղաքական կայունությունը:




























