Շուրջ 4,2 մլրդ մարդ 2023 թ․ առաջին կիսամյակում բախվել է համացանց մուտք գործելու  սահմանափակումներին, այդպիսի միջոցառումներ են կիրառել աշխարհի 29 երկրի իշխանությունները։ Այս մասին երկուշաբթի հաղորդել է Axios պորտալը՝ հղում անելով կիբերանվտանգությամբ զբաղվող Surfshark ընկերության զեկույցին։

Ընկերության անցկացրած ուսումնասիրության մեջ ասվում է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին «արձանագրվել է համացանցի սահմանափակման 82 դեպք՝ 29 երկրում»։ Ընդ որում, 42 դեպքում այդ միտումն առաջին անգամ է դիտարկվել։

Կես տարվա ընթացքում համացանցի սահմանափակման նոր դեպքեր ավելի շատ գրանցվել են Հնդկաստանում, Իրանում և Պակիստանում։ Իրանի սոցկայքերի աշխատանքի խափանման 14 դեպքի պատճառը հակակառավարական բողոքներն են եղել։ Հնդկաստանում բողոքները կանխելու համար իշխանությունները համացանցի մուտքը սահմանափակել են 9 անգամ։ Պակիստանում սահմանափակումներ են մտցվել 3 անգամ՝  նախկին վարչապետի ձերբակալումից հետո։ Axios-ը պնդում է, որ երկրների իշխանությունները սոցկայքերի մուտքը սահմանափում կամ անջատում են համացանցը այլախոհությունը ճնշելու, մարդու իրավունքները սահմանափակելու և ընտրությունների արդյունքների վրա ներգործելու նպատակներով։

Ուսումնասիրության համաձայն, ավելի հաճախ արգելափակվել է  Facebook սոցիալական ցանցը, ինչի սահմանփակմանն այս տարի միացել են Գվինեայի, Պակիստանի, Սենեգալի, Սուրինամի և Եթովպիայի կառավարությունները։

Սահմանափակումների մեծ մասը գրանցված է Ասիայում․ համացանցի մշտական սահմանափակում է գործում այս աշխարհամասի 15 պետություններում։