Ռեշտ-Աստարա տեղամասի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2028թ., տեղեկացրել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը Պետդումայում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ։
«Միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) «Հյուսիս-Հարավ» արեւմտյան երթուղու զարգացման շրջանակում 2023թ. մայիսին ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր, որը հարցի 20-ամյա քննարկումների արդյունքն է՝ Իրանի տարածքում Ռեշտ-Աստարա չբավականացնող տեղամասի շինարարության մասին։ Ակնկալում ենք, որ շինարարությունը լրիվ ծավալով կավարտվի 2028թ.»,- ասել է նա։
Սավելեւը նշել է, որ «Ռուսական երկաթուղի» հոլդինգի նպատակը 2023թ. ավելի քան 1 մլն բեռնարկղ տեղափոխելն է «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ով։
Մայիսի 17-ին Ռուսաստանը եւ Իրանը համաձայնագիր են կնքել Ռեշտ-Աստարա 160 կիլոմետրանոց տեղամասի համատեղ շինարարության մասին Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, որը կապահովի անցումը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ եվրո է։ Հատկացվելու է 1,3 մլրդ եվրո միջպետական վարկ։ Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան եւ Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, շինարարությունը, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների մատակարարումները։
Սպասվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի եւ Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (քաղաք Իրանում)-Աստարա (քաղաք Ադրբեջանում) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի եւ Բաքվի մասնակցությամբ։
Միջկառավարական համաձայնագիրը «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ ստեղծման մասին ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Իրանի կողմից 2000թ., ավելի ուշ դրան միացել են եւս մի քանի պետություններ։ Մոսկվան փաստաթուղթը վավերացրել է 2002թ.։ Նախագծի նպատակը ռուսական տարածքով բեռների տարանցման ապահովումն է Հնդկաստանից, Իրանից եւ Պարսից ծոցի երկրներից Եվրոպա։





























