Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հումանիտար բեռները ԼՂ բնակչությանը հասցնելու ադրբեջանական կողմի արգելքին:

Նրա խոսքով՝ սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է. «Այս իմաստով, մենք որևէ քայլ չկա, որ ասենք՝ չենք արել, որ դա չապացուցենք և դա շատ ակնհայտ է։ Դուք երեկ տեսաք, որ ԱԳՆ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները այնտեղ էին, ուսումնասիրել են, տեսել են բեռները, իրենք իրենց մայրաքաղաքներ ներկայացրել են այս ամենը: Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում։ Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են նոյեմբերի 9-ի ստանձնած մեր պարտավորություններին, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է գործի»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամը օր օրի ավելի է խորանում. «Պետք է շարունակենք մեր գործողությունները, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերին»։

Լրագրողների այն դիտարկմանը, թե Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպման ժամանակ այս նախաձեռնության մասին Լավրովին ու Բայրամովին հայտնե՞լ է՝ Մարուքյանը նշեց. «ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո, ինչպես նաեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի երկու որոշումների իօրավաբանական ուժով: Այսինքն մեր նախարարը ոչ թե 360 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի, որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»։

Հիշեցնենք, որ երեկվանից 19 բեռնատար, որը Արցախ պետք է տեղափոխեր հումանիտար բեռ, կանգնած է Կոռնիձորում։