Ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին ու Ադրբեջանին թշնամի ուժերը փորձում են սրել իրավիճակը՝ այս երկրներին միմյանց բախելու համար։ Այս մասին Նովոստի Արմենիի - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին։
«Նրանք փորձում են այս կամ այն կերպ սադրել և հասնել իրավիճակի սրմանը, իսկ դա չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից։
Սակայն նրանք, որ այդպես են գործում, ղեկավարվում են միանգամայն այլ շահերով, և ոչ թե տարածաշրջանում գտնվող ժողովուրդների և երկրների շահերով»,- նշել է նա։
Կեդմիի գնահատականով, 2020 թ․ պատերազմից հետո մեծ առաջընթաց է եղել իրավիճակը հանգստացնելու հարցում։
Ռազմական հակամարտության տեսանկյունից իրադրությունը կայունացնող հիմնական գործոնն, ըստ Կեդմիի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսաստանյան զորքերի ներկայությունն է։
Ընդ որում, նրա կարծիքով, Ադրբեջանում ևս կան ուժեր, որոնք փորձում են սադրել։
«Եթե նրանք (ռուսաստանյան զորքերը -խմբ․) չլինեին, իրավիճակը շատ ավելի վտանգավոր կլիներ։ Իսկ այն խնդիրները, որ առկա են, տեխնիկական բնույթի են։ Դրանք կարելի է լուծել, և դրանք լուծվում են այս կամ այն կերպ, թեև այդ խնդիրները կարելի էր ավելի վաղ լուծել»,- ավելացրել է փորձագետը։





























