Եթե ՄԱԿ-ի անդամ պետությունները, նույնիսկ ոչ բոլորը, նրանք, որոնք եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, և բոլոր այն երկրները, որոնք տեղյակ էին արցախյան հակամարտության էությանը, 30 տարվա մեջ եթե գոնե մի թեթև գրագիտություն ունենային, կհասկանային, որ այստեղ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է խոսքը, իսկ իննորոշման իրավունքը որպես մարդու հիմնարար իրավունքների անքակտելի մաս ամրագրված է ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ ուղերձին, որով ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ են անում ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Եթե 30 տարվա ընթացքում որևէ մեկը որևէ քայլ չի արել անգամ մոտենալու ինքնորոշման իրավունքի ճանաչմանը կամ թեկուզ ակնարկ չի արել, որ պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, պարզ է, որ Արցախի ԱԺ այսօրվա հայտարարությունը ոչ մի արդյունք էլ չի տա:
Նախ, ՄԱԿ-ն ինքը շատ ամորֆ կառույց է, արդեն 30-40 տարի գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Այնպիսի միջազգային կառույցներ, ինչպիսք են մեծ 7-յակը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, արդեն իրենք են որոշում համաշխարհային քաղաքականության մեջ ուղղությունները, նպատակները: ՄԱԿ-ը ավելի ստորադաս կառույց է դարձել: Բնականաբար, այդ հարցը չի էլ քննարկվի ՄԱԿ-ում, կլինի այն, ինչ եղել է 30 տարում»,-ասաց Քեռյանը:
Նրա խոսքով, այս ուղերձն ավելի շատ բարոյական նշանակություն ունի՝ հիշեցնելու համաշխարհային հասարակությանը, որ Արցախի ժողովուրդը կանգնած է նման օրհասական վիճակի առջև և խնդրում է ճանաչել իր ինքնորոշման իրավունքը:
Քեռյանը նկատեց, որ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր սեփական շահերով. «Եթե, օրինակ, ԱՄՆ-ի, կամ ԵՄ երկրների, կամ Ռուսաստանի պետական շահը թելադրի, որ պետք է ճանաչեն Արցախի անկախությունը, կճանաչեն: Եթե չկան նման իմպուլս կամ պատճառ, բնականաբար չեն ճանաչի հազար ու մի պատրվակով: Առայժմ ես չեմ տեսել մի երկիր, որն ունենա այնպիսի շահ, որն իրեն կդրդի ճանաչել Արցախը: Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում այդ շահը ակնհայտ էր: Սերբերը Եվրոպայի սրտում ռուսամետ ուժ էր, պետք էր Սերբիային թուլացնել եւ ստիպել գնալ դեպի ԵՄ, կատարել ԵՄ պահանջները: Բնականաբար, նրանք ռմբակոծելով Բելգրադը ստիպեցին դադարեցնել Կոսովոյի դեմ գործողությունները եւ ճանաչեցին Կոսովոն: Այստեղ կար շահ: Հիմա եթե որեւէ ուժային կենտրոն նման շահ ունենա Արցախի դեպքում, կկատարի այդ քայլը»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանի կողմից Արցախի անկախությունը չի ճանաչել նախկինում եւ հիմա, Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Նախկինում եղել են ուժեր, որոնք կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը, սակայն Հայաստանի ոչ մի իշխանություն այդ քայլին չի գնացել. «Գիտե՞ք՝ այն ժամանակ ինչով են հիմնավորել, ասել են՝ գնում է բանակցային գործընթաց, համանախագահ երկրները Հայաստանի այդ քայլը կդիտեն որպես սադրիչ, տապալիչ գործողություն եւ լրացուցիչ խաղաքարտ կտան բաքվի ձեռքին: Այսինքն ՀՀ իշխանությունը հարցի լուծումը տեսնում էր բանակցային ճանապարհով, եւ ես դա ճիշտ եմ համարում: Եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, էլ ի՞նչ բանակցություն: Այդ դեպքում ամբողջ մեղքը կբարդվեր Հայաստանի վրա:





























