Սրան կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց հենց Հայաստանի վարչապետն ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, նա, ըստ էության լուծեց սկզբունքային խնդիրը, որի պատճառով առաջացել էր այս հակամարտությունը, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին Նովոստի Արմենիի - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին։

Ըստ նրա, Փաշինյանը վերջակետ է դրել եղած գործընթացում։

«Սրան կարելի է տարբեր կերպ վերաբերվել։ Դա Հայաստանում պետք է որոշեն։ Սակայն Հայաստանը չի վերամիավորել Ղարաբաղի հանրապետությունը։ Նրանք իրենց սեփական բանակն ունեին, սեփական պետականությունը։ Եվ երբ Փաշինյանն ասաց, որ դա Ադրբեջան է, նա թաղեց այն հույսերը, թե Լեռնային Ղարաբաղը երբևիցե Հայաստանի մաս կլինի»,- նշել է նա։

Քաղաքագետը հիշեցրել է, որ ռուսաստանյան զորքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համաձայնությամբ։

«Քանի այդ համաձայնությունը կա, ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը կլինի։ Եթե այն խախտվի, այն ժամանակ հարց կառաջանա՝ կմնա՞ն նրանք այնտեղ, թե՞ ոչ։ Եթե ադրբեջանական կողմը չհամաձայնի, ապա նրանք (ռուսաստանյան խաղաղապահները - խմբ․) կարող են տեղափոխվել հայկական կողմն ու այնտեղ մնալ, եթե դա անհրաժեշտ համարեն կամ դա խնդրի հայկական կողմը։ Որոշումը կախված է նրանից, թե ինչին կհամաձայնեն ադրբեջանական և հայկական կողմերը։ Իսկ Ռուսաստանը   դրան համապատասխան որոշում կընդունի»,- ավելացրել է Կեդմին։

Նա պարզաբանել է, որ ռուսաստանյան զորքերի ներկայության նպատակահարմարությունը որոշում են երկու կողմերը։

«Եթե վաղը Փաշինյանը, ելնելով այս կամ այն շահերից, ասի, որ իրեն ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ պետք չեն, Ռուսաստանը չի մնա»,- նշել է փորձագետը։