Կովկասում մեկ խաղաղապահ էլ է ավելացել։ Կանադան որոշում է ընդունել միանալ Հայաստանի տարածքում ЕС/EUMA դիտորդական առաքելության աշխատանքին։ Եվրախորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովն անմիջապես հավանություն է տվել Օտտավայի այդ որոշմանը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Հայաստանի ԱԳՆ-ն ողջունեց կանադացի դիվանագետների գործողությունները։ Ադրբեջանը որոշակի զսպվածություն հանդես բերեց իր գնահատականներում, թեև ընդհանուր առմամբ Բաքվում եվրոպական առաքելության բացմանը վերաբերվեցին (հիմա էլ վերաբերվում են) թերահավատորեն։ Օտտավայի հասցեին կոշտ քննադատությամբ հանդես եկան Մոսկվայի ներկայացուցիչները։ Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, EUMA-ն կենտրոնացած է աշխարհաքաղաքական խնդիրների լուծման (Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման) և ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա։ Նա արձանագրել է նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքին Կանադայի միանալը արտացոլում է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից «միացյալ Եվրոպայի» աճող կախվածությունը։ Նաև կասկած է հայտնվել կանադացի խաղաղապահների արդյունավետության և օբյեկտիվության հարցում։ Կանադան, ի դեպ, առաջին անգամ չէ, որ իր հետքրքրությունն է դրսևորում Կովկասի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ։ Մեկ տարի առաջ Կանադայի կառավարությունը որոշում էր ընդունել Երևանում Կանադայի դեսպանություն բացելու մասին։ Այն ժամանակ այդ երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել էր, որ այդ քայլը «թույլ կտա ամրապնդել երկու երկրների միջև կապերը և մեծացնել Կանադայի կողմից Հայաստանում ժողովրդավարության աջակցմանը»։ Արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ Կանադան պատրաստվում է ակտիվորեն յուրացնել Կովկասի տարածաշրջանը։ Ավելի շուտ հարցն այն չէ, որ Կանադան արկտիկական օրակարգի մեջ ներգրավվելուց հետո հանկարծ Կովկասում նոր դերակատար դառնա։ Ավելի վաղ այդ երկրի հյուպատոսությունը գործում էր Վրաստանում, բայց իրականում վրաց-կանադական հարաբերությունները կենտրոնանում էին ընդհանուր ՆԱՏՕ-ական օրակարգի վրա։ Ամենայն հավանականությամբ, ԵՄ առաքելությանը միանալու որոշումը «ոչ եվրոպական դաշնակցի» յուրատեսակ ազդանշանն է․ մենք ձեզ հետ ենք, հակամարտության կարգավորման ձեր ջանքերը կստանան մեր բազմակողմանի աջակցությունը։ Իհարկե, արժի նկատի առնել Ուկրաինայի նկատմամբ Օտտավայի հետաքրքրությունը։ Կապված այն հատուկ դերի հետ, որ ուկրաինական սփյուռքն ունի Կանադայում (բնակվող ուկրաինացիների թվով աշխարհում երրորդ երկիրը), այս երկրի կառավարությունը Կիևին պաշտպանելու հարցում միշտ եղել է «կոլեկտիվ Արևմուտքի» ավանգարդում։ Դե, եթե ամերիկացի և եվրոպացի դաշնակիցները կարծում են, որ Մոսկվան այսօր կորցրել է Անդրկովկասում բացառիկ մոդերատոր լինելու իրավունքը, ապա Կանադայի կողմից այսպիսի ընկալումը ջերմ աջակցության կարժանանա։ Խաղաղ գործընթացում կանադացիների ներդրումը գերագնահատել չի կարելի։ Ավելի շուտ, այստեղ խոսքը քաղաքական խորհրդանիշի մասին է։ Սակայն թերագնահատել նույնպես չի կարելի։ Կոնկրետ քեյսը վկայում է այն մասին, որ Արևմուտքն առաջին հարմար առիթի դեպքում ձգտում է ցուցադրել իր միասնականությունը և քաղաքադիվանագիտական մոբիլիզացիայի իր ռեսուրսները»,- գրել է փորձագետը։





























