Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախքան Ռուսաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպման համար Մոսկվա ուղևորվելը, այցելել է Թեհրան։ Թեհրանում նրան ընդունել են ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսին և ԱԳՆ ղեկավար Ամիր Աբդոլահիանը։ Այս այցը ստվերում է մնացել, թեև լուրջ ուշադրության է արժանի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Այն բանից հետո, երբ անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փաստացի «սառեցվեց», փորձագետների մեծ մասը սկսեց հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ գործընթացները նկարագրել որպես ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև «սառը պատերազմի» հերթական ռեմեյք։ Մինչդեռ, կովկասյան օրակարգը շատ ավելի բարդ է։ Ո՞ր կողմին վերագրել Իրանի դիրքորոշումը։ Արևմտամետների՞ն, ակնհայտորեն, ոչ։ Թեհրանը հետևողականորեն հանդես է գալիս կովկասյան գործերին «ոչ տարածաշրջանային խաղացողների» միջամտության դեմ։ Միաժամանակ ռուսաստանամետ խաղացողների շարքին էլ Իսլամական հանրապետությանը դասել չի կարելի։ Իրանը չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան։ Եվ նրան անհանգստացնում են Մոսկվայի հարաբերություններն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ։ Առավել ևս, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պատրաստվում են հուլիսի 28-ին հանդիպել, որպեսզի անձնական օրինակով ամրապնդեն երկրների  հարաբերություններում սկսված «ձնհալը»։ Սակայն Թուրքիան և Իսրայելը Բաքվի երկու առանցքային ռազմաքաղաքական գործընկերներն են։ Եվ Իրանը  (թեև ոչ միշտ հիմնավորված) նրանց համարում է Կովկասում արևմտյան «պրոկսիներ»։ Սրան գումարենք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման և Հայաստանի հնարավոր տարածքային զիջումների (տվյալ դեպքում խոսքն արդեն Ղարաբաղի մասին չէ, այլ նախկին Հայկական ԽՍՀ-ի շրջանների)» առիթով անհանգստությունը։ Ամբողջության մեջ սա Իրանին Անդրկովկասում  առանձնահատուկ խաղացող է դարձնում։ Եվ հարկադրում Իսլամական հանրապետության ղեկավարությանը ձեռքը պահել Կովկասի տարածաշրջանի զարկերակին։ Իսկ Հայաստանը ամբողջ ուժով փորձում է ամրապնդել սեփական անվտանգության արտաքին աղբյուրները՝ դիմելով ոչ միայն Ռուսաստանին կամ Արևմուտքին, այլև նրանց, ովքեր պատրաստ են ընդունել նրա փաստարկները, լինի Իրանը, թե Հնդկաստանը»,- գրել է քաղաքագետը։