Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 10-ին, ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով նշանավոր գիտնականին` նախագահ Սարգսյանը կարեւորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության եւ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ շնորհավորել է Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:

Ծավալված ջերմ զրույցի ընթացքում, Սերժ Սարգսյանն ու նշանավոր գիտնականն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման եւ նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը: