Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ հասանելիության աստիճանը կտրուկ բարձրացել է: Այսօր` հոկտեմբերի 10-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «ԱրմԹեք Կոնգրես 2011» չորրորդ ամենամյա համաժողովի բացման խոսքում:

Տ. Սարգսյանի խոսքով` եթե 2008 թ. 1 մեգաբայթ ինտերնետի գինը 1.2 մլն դրամ էր, ապա 2011 թ.` արդեն 50 հազ. դրամ: «Դա ամենաէական եւ արմատական փոփոխությունն է, որը ինտերնետը դարձնում է հասանելի մեր հանրության համար»,- ասաց Տ. Սարգսյանը:

Երկրորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է ինտերնետից օգտվողների թվին: Ըստ վարչապետի` այսօր ինտերնետից օգտվում է 341 հազ. մարդ, այն դեպքում երբ 2008 թ. այդ թիվը 80 հազ. էր:  Ավելացել է նաեւ բջջային կապից օգտվողների թիվը` 1 մլն185 հազ. մարդ 2008 թ. եւ 3 մլն 331 հազ. մարդ 2011 թ.:

Տ. Սարգսյանը նշեց նաեւ, որ ինտերնետից լայնորեն օգտվում են բոլոր տարիքի եւ սոցիալական խավերի ներկայացուցիչները, թեեւ նկատվում է օգտագործողների «երիտասարդացում»:

Ի դեպ` «ԱրմԹեք Կոնգրեսում» Հայաստանի ինտերնետ հասանելիությանն անդրադարձավ նաեւ հանրային ծառայությունների փորձագետ Դանի Լաուբերը («Սիսկո» ընկերություն): Նրա խոսքով` Հայաստանն աշխարհում 52-րդ տեղում է ինտերնետի ցանցային պատրաստվածության (հնարավորությունների) առումով, սակայն 108-րդ տեղում է ինտերնետ օգտագործողների ցուցանիշով: Սա, ըստ փորձագետի, ցույց է տալիս այն ճեղքվածքը, որ առկա է ինտերնետի ոլորտում, որն էլ իր հերթին արդյունք է ենթակառուցվածքների թույլ զարգացվածության: