Արցախն Հայաստանի անվտանգային միջավայրի ամրությունն է, որովհետեւ հայ մարդն այնտեղ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ես տեսել եմ շատ ավելի ահավոր իրողություններ. գաղթ, փախուստ, մի օրվա հաց էլ ենք տեսել, զրո օրվա հաց էլ ենք տեսել: 90-ականներին հաղթահարել ու դուրս ենք եկել: Կիսենք այդ ծանրությունը բոլորս իրար հետ: Արցախի ազգաբնակչությունն այսօր առաջին հերթին իր ուսերի վրա է: Մի օրվա հացն էլ եթե կիսում ենք իրար մեջ, մենք դիմակայում ենք հնարավոր խնդիրների լուծմանը, որի դեմ հակառակորդը մեզ պրոբլեմ է ստեղծում: Երբ նա տեսնի, որ չի կարողանում մեզ ծնկի իջեցնել, դու ի վերջո հաղթելու ես: Մենք ընդամենը 25 տարի առաջ տեսել ենք նման հաղթանակ: Կարեւոր չէ, որ մենք հիմա կարգավիճակի մասին ենք թմբկահարում, բայց խնդիրը կարծես՝ կարգավիճակն էլ չէ:

Եթե դրա մասին խոսենք, այսօր այդ տարածքում բնակվող մեր հայրենակիցները ամենաանկախ ժողովուրդն են. ունեն նախագահ, պառլամենտ, շրջափակված են, ունեն իրենց օրենքները, խնդիրն այն է, որ աշխարհը ընկալի դա: Այդպիսի օրինակ կար, Կոսովոն ո՞նց հասավ: Եկեք, կանգնենք մի կետի եւ որոշենք՝ ապրում ենք մեր տարածքում եւ կերտենք այն հնարավարությունները, որոնք մեզ կբացեն հեռանկար»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Աղդամի ճանապարհի գործարկումը հնարավոր համարում է, Քոչարյանն ասաց. «Ես ուշադիր լսում եմ բոլոր զարգացումները: Հիմա բոլորը քննարկում են Սամվել Բաբայանի տեսակետը, հաշվի չառնելով, որ նա իրեն կերտել է ռազմական ստրատեգ, մեկ-մեկ իրենք էլ իրար պետք է լսեն»:

Ճշտող հարցին՝ այսինքն ինքը երկխոսությունը ճի՞շտ է համարում, Քոչարյանը պատասխանեց. «Եթե այլ տարբերակ չկա, դու երկխոսելով կունենաս այն ժամանակը, որպեսզի դու կարողանաս գոնե Հայաստանում այդ ամրությունները կարգավորել, նաեւ ունենաս հնարավորություն այնտեղ մեր ազգաբնակչության համար մի քիչ ավելի ընկալելի ապահով իրավիճակ»: