Ներկայումս Թուրքիան լայնամասշտաբ ռազմական վարժանքներ է իրականացնում Սիրիայի հետ սահմանին, ինչը պատերազմի նախապատրաստություն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, ասուլիսում հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանը: Նրա խոսքով, Սիրիայում տեղի ունեցող գործընթացները խոսում է այդ երկրում ռազմական գործողությունների հավանականության մասին, որտեղ գլխավոր դերն ստանձնելու է Թուրքիան: Սարգսյանը հիշեցրել է, որ Սիրիայի ընդդիմության լիդերները պարբերաբար հավաքվում են Իզմիրում եւ Ստամբուլում:
«Այսօրվա դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ունի բոլոր հնարավորությունները, ներքաղաքական իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Նա Մերձավոր Արեւելքում միակ առաջնորդն է, ով կարողացել է վերջին 4 ամսում կարեւոր բարեփոխումներ իրականացնել. Չեղյալ է համարել 20-25 տարի շարունակվող արտակարգ դրությունը, քրդերին թույլատրվել է մասնակցել քաղաքական գործընթացներին, վերացվել է միակուսակցական համակարգը, վերացվել է իշխող կուսակցության մոնոպոլիան»,-ասել է նա:
Սարգսյանի խոսքով, հայկական կողմին ձեռնտու է Ասադի իշխանության պահպանումը: Նա հիշեցրել է, որ Սիրիայում բազմաքանակ հայկական համայնք կա, որը Ասադի օրոք ապրել է ապահով ու անվտանգ, հայերի իրավունքները պաշտպանված են եղել:




























