Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քաղաքի զարգացման ծրագիրը` ընդգրկելով համապատասխան նոր ներդրումային առաջարկներ:

«Պետք է ընդլայնել Երեւանի Կենտրոն հասկացությունը, օրինակ հետիոտնի համար նախատեսված նոր փողոցների հաշվին, եւ այդ տարածքներում ձեւավորել մշակութային, ժամանցային վայրեր եւ բիզնես կենտրոններ»,- այսօր` հոկտեմբերի 10-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով մայրաքաղաք մտնող ճանապարհների եւ հարակից տարածքների արտաքին ձեւավորման խնդիրը, քաղաքապետը հանձնարարել է արագացնել աշխատանքների ընթացքն ու զուգահեռաբար ուսումնասիրել նաեւ որոշ մայրուղիների  ընդարձակման հարցը: Հանձնարարվել է ներկայացնել Երեւանի արտաքին լուսավորման նոր ցանկ, որը կներառի ձեւավորման կարիք ունեցող հուշարձանները, շենքերն ու շինությունները:

Երեւանի կամարանցումների հետ կապված` Երեւանի գլխավոր դիզայները ներկայացրել է, որ հաշվառված 217 կամարանցումներից 49 արդեն վերանորոգվել եւ ձեւավորվել են. դրանցից 16-ը նկարազարդված են, մյուսների արտաքին ձեւավորումն ընթացքի մեջ է:

Մայրաքաղաքում աշնանային ծառատունկի կազմակերպման մասով բնապահպանության վարչության կողմից զեկուցվել է, որ արդեն  ձեռք է բերվել 40 հազար ծառ եւ թուփ, որոնք արդեն բաշխվել են վարչական շրջաններին, համատիրություններին եւ ուսումնական հաստատություններին: Քաղաքի տարածքում 2011թ. իրականացվող ընդհանուր կանչապատման աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթեւեկությունը բեռնաթափելու նպատակով մշակվել են մի շարք ծրագրեր, այդ թվում նաեւ նոր շրջանցիկ  ճանապահների կառուցում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է այս ուղղությամբ սերտորեն համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել: