Չինաստանի իշխանությունները կարող են սահմանափակել 8-16 տարեկանների համար սմարթֆոնների հավելվածների եւ բջջային այլ սարքերի հասանելիությունը օրական մինչեւ 1 ժամ՝ ինտերնետում անչափահասների պաշտպանության ռեժիմի նախագծի շնորհիվ։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի կիբեռանվտանգության հարցերի վարչությունը, օպցիան չի գործի հարկադիր ձեւով, այն կարելի է գործադրել ծնողների կամ խնամակալների ցանկությամբ։

«Օգտատերը կարող է հրաժարվել այդ ռեժիմն օգտագործելուց,- նշվել է նախագծում։- Անչափահասների պաշտպանության ռեժիմն ընտրելուց հետո սարքի օգտագործման առավելագույն ժամանակը 8-16 տարեկանների համար չի գերազանցելու 1 ժամը»։

Ինչպես նշվել է փաստաթղթում, 8 տարեկանից փոքր երեխաները, որոնց համար կընտրվի այս ռեժիմը, կօգտվեն սմարթֆոններից կամ պլանշետներից միայն օրը 40 րոպե։ Ինչ վերաբերում է 16-18 տարեկաններին, նրանց սահմանաչափը կկազմի 2 ժամ։ Անհրաժեշտության դեպքում ծնողները կարող են հանել սահմանափակումները։

Սահմանված ժամանակի լրանալուց հետո սմարթֆոնի տվյալների տերմինալը ինքնաբերաբար կարգելափակի հավելվածների հասանելիությունը։ Բացառություն կկազմեն անհրաժեշտ ծրագրերը, որոնք կնշեն ծնողները։ Բացի այդ, ժամը 22.00-ից մինչեւ 06.00-ն, այսինքն՝ գիշերային ժամերին, տերմինալը թույլ չի տա երեխային օգտագործել սարքը, որին միացված է անչափահասների պաշտպանության ռեժիմը։