Լաչինի միջանցքը շարունակում է ամբողջովին փակ մնալ, եւ ցանկացած տեսակի հումանիտար բետռների տեղափոխումն արգելված է Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Սյունիքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:
«Սա միջազգային հումանիտար իրավունքի եւ արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: ԼՂ-ի շրջափակումը, որ շարունակվում է ավելի քան 7 ամիս, հանգեցրել է շատ լրջագույնս հումանիտար ճգնաժամի: Գրեթե ամեն օր ստանում ենք ետղեկություններ բնակչության ամենախոցելի խավերի վրա ճգնաժամի ազդեցության մասին: Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել երեխաների, հղի կանանց, բուժօգնության անհրաժեշտություն ունեցող անձանց, տարեցների համար: Մենք ականատես ենք եղել վաղ ծննդաբերության, թերսնման, թերքաշ երեխաների ծնվելու մասին տեղեկությունների: Քանի որ արդեն բավականին երկար ժամանակ Արցախ մուտք չի գործում ոչ միայն սնունդ, դեղորայք, այլեւ վառելիք, երկրի տրանսպորտային, առողջապահական համակարգերը լիովին պարալիզացվել են:
Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում դժվարացել է հաղորդակցությունը հեռավոր գյուղերի եւ Ստեփանակերտի միջեւ, որի հետեւանքով հեռավոր գյուղերի բնակչությունը հնարավորություն չունի ստանալ առաջնային բուժօգնություն: Գյուղատնտեսական սեզոնի սկզբից ի վեր Ադրբեջանը կանխամտածված թիրախավորում է դաշտերում ապրող քաղաքացիական անձանց, որի հետեւանքով գյուղատնտեսական աշխատանքների 70 տոկոսը չի ավարտվել եւ ներկայումս արդեն կարելի է խոսել այն մասին, որ գյուղատնտեսական սեզոնը ԼՂ-ում տապալված է»,-հայտարարեց Դավիթ Կնյազյանը:
Նրա խոսքով, այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականություն է, որի հիմքում ընկած է սովի օգտագործումը որպես զենք. «Ստեղծված ճգնաժամի լույսի ներքո Հայաստանը որոշել է ուղարկել հումանիտար բեռներ դեպի Արցախ: Հուլիսի 26-ից վեր հումանիտար բեռները Կոռնիձորի հատվածում են եւ դեռեւս հնարավորություն չի եղել դրանք փոխանցելու Արցախի բնակչությանը: Հայկական կողմը պատշաճ կերպով տեղեկացրել էր ռուսական խաղաղապահի ուժերին եւ նրանց միջոցով ադրբեջանական կողմին հումանիտար բեռների առաքման մասին: Մենք կառուցողական ներգրավված ենք քննարկումներում ՌԴ խաղաղապահի ուժերի հետ՝ միակ նպատակ ունենալով հումանիտար բեռների արագ եւ անվտանգ տեղափոխումը: Ցավոք սրտի, ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ նա քաղաքականացնում է հումանիտար բեռների առաքման հարցը եւ արգելել է դրա տեղափոխումը ԼՂ: Այդ լույսի ներքո մենք կարեւորում ենք միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ հասցեական եւ ժամանակին արձագանքի միջոցով, որով կոչ կարվի ապահովելու իր իրավական ուժ ունեցող պարտավորությունների կատարումը, Ժնեւի կոնվենցիաների եւ դրանց լրացուցիչ արձանագրությունների, եւ արդարադատության միջազգային դատարանի որոշումների համաձայն»,-ասաց նա:
Դավիթ Կնյազյանը դիմեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ նկատելով, որ նրանք իրենց աչքով տեսան, որ Լաչինի միջանցքը փակ է. «Հուսով եմ՝ այս տեղեկատվությունը, որը ստացաք տեղում, կփոխանցեք ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ ապահովելու համար ՄԱԿ-ի քարտուղարության կողմից իրավիճակի ճիշտ ըմբռնումը եւ համապատասխան արձագանքը»:
Իր հերթին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց. «Վստահ եմ, որ ձեր այսօրվա դիտարկումները ավելի օբյեկտիվ պատկերացում կտան ձեզ առկա իրավիճակը ճիշտ ներկայացնելու համար: Այն հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի անդառնալի աղետի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դժվար է իրականում եւս մեկ անգամ ներկայացնել, որովհետեւ ամեն անգամ մտովի պատկերացնում ես քեզ, քո ընտանիքին այդ ճգնաժամի մեջ գտնվելու իրավիճակում;
Դժվար թե ինչ-որ մեկը պատկերացներ, որ մենք 21-րդ դարում մենք ականատես կլինենք միխոսույթի, որն Ադրբեջանն է առաջ քաշել. Դա «ինտեգրումն է» սովամահության ճանապարհով:
Ես վստահ եմ, որ ինչպես մնացած անլուծելի թվացող բոլոր խնդիրները, սա եւս լուծելի է, եթե մենք ունենանք լուծման միասնական ճանապարհ»:











